Երեւանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց է նաեւ ձմռան ամիսներին։ Ձմեռանոցներ, ջեռուցվող տարածքներ տեղափոխվում են միայն ջերմասեր կենդանիները, մյուսները շարունակում են ցուցադրվել։ Ինչպես տեղեկացրեց կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը, ձմռան ամիսներին չեն ցուցադրվում թութակների մեծ մասը, փիղը եւ գետաձին։ Մյուս բոլոր կենդանատեսակներին այցելուները կարող են տեսնել տարվա բոլոր եղանակներին։
Սեզոնային առանձնահատկություններից ելնելով՝ փոխվում է կենդանիների սննդակարգը։ Օրինակ, սմբակավոր կենդանիներին ձմռանն ավելի շատ պրեմիքսներ, խտացրած կեր են տալիս։ Բացի այն, որ ձմեռ է, այս կենդանիների մոտ զուգավորման շրջան է, եւ մինչեւ այդ նրանք պետք է լավ կերակրվեն՝ այդ պրոցեսին պատրաստ լինելու համար։ Սննդակարգը տարբեր կենդանիների համար տարբեր է. անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանու՝ պայմանավորված կենդանատեսակով և կենդանիների տարիքով։
Ձմռանն այգու այցելությունների թիվը նվազում է, ինչը հաճախ պայմանավորված է ոչ այնքան եղանակային պայմաններով, որքան այն սխալ կարծրատիպով, թե կենդանաբանական այգին ձմռանը փակ է այցելուների համար, մինչդեռ այն աշխատում է ամենօրյա ռիթմով։ Այգու պատասխանատուները նշում են, որ այս սեզոնին իրենց հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են։
Կարդացեք նաև
Նշենք, որ այս օրերին Երեւանի կենդանաբանական այգին նախապատրաստվում է Ամանորին. զարդարում են տոնածառը, այգու տարածքը։ Ի դեպ, ամանորյա տոներին այգու դռները բաց են լինելու այցելուների համար, մուտքն այդ օրերին լինելու է անվճար։ Այնպես որ՝ Երեւանի կենդանաբանական այգին ձմռան հանդերձանքով տեսնելու լավ հնարավորություն է ստեղծվում։
Անի ՄԱՐԳԱՐՅԱՆ