Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը մերն է

Դեկտեմբեր 15,2019 12:00

Հայաստանը Խորհրդային այն Հանրապետություններից էր, որտեղ Խորհրդային Միության փլուզումն առանձնահատուկ ուժգնության շարժումով նշանավորվեց, եւ ժողովրդական այդ շարժումը չնայած ծավալվեց ու գրեթե ամբողջությամբ ընթացավ Հայաստանում, բայց սկսվեց ու սկզբնավորվեց Ղարաբաղում, եւ արտահայտվեց մարզի պատգամավորների պահանջով, որը հետեւյալն էր՝ ինքնորոշվել եւ անջատվել Ադրբեջանի Հանրապետությունից:

Շատ շուտով Արցախի պատգամավորների պահանջն ամբողջությամբ իր արձագանքը գտավ Հայաստանում, ընդ որում՝ Հայաստանում հնարավորինս ուժգին արձագանք գտավ, եւ արձագանքողը Երեւանում կազմավորված «Ղարաբաղ» կոմիտեն էր՝ իր բազմահազար համակիրներով, բացառիկ ուժգնությամբ ու բացառիկ թափով, «Ղարաբաղը մերն է» իր միաձայն ու բազմաձայն կարգախոսով:

Բնական է, որ Երեւանում ու ողջ Հայաստանում «Ղարաբաղ» կոմիտեի ծավալած հզորագույն շարժումը շատ շուտով պիտի վերաճեր Հայաստանի Հանրապետության անկախության շարժման: Եվ վերաճեց: Եվ ինչպես Խորհրդային նախկին բոլոր հանրապետությունները, Հայաստանը նույնպես անկախացավ:

Նախորդ անգամ մանրակրկիտ անդրադարձանք Հայաստանի նորանկախ Հանրապետությանը: Փաստորեն, Հայաստանն անկախացավ Ղարաբաղյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած պայքարի շնորհիվ: Ղարաբաղյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած պայքարի շնորհիվ հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որի առաջին նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փաստորեն ոչ միայն անկախ, այլեւ ժողովրդավարական հանրապետություն էր՝ իր բազմակուսակցական խորհրդարանով: Անցած անգամ ասացինք եւ հիմա էլ կրկնում ենք, որ չնայած Երրորդ Հանրապետության Խորհրդարանը բազմակուսակցական էր եւ, փաստորեն, խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած ՀՀՇ-ից բացի՝ Հայրիկյանը, հայրիկյանականներն ու կոմունիստներն էլ կային, բայց անցած անգամ ասացինք եւ հիմա էլ հարկ ենք համարում կրկնել, որ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանի Խորհրդարանում ընդդիմադիր որոշ միավորների՝ Կոմունիստների, ԱԻՄ-ականների, Քրիստոնեա-Դեմոկրատների ու մյուսների գոյությունն ու առկայությունը կար, բայց ՀՀՇ-ի ու Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանի Խորհրդարանում տվյալ ուժերի գոյությունն ու առկայությունը ոչ թե տվյալ ուժերի քաղաքական պայքարի արդյունքն էր, այլ՝ ՀՀՇ-ական իշխանության ու անձամբ անկախացած Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հանդուրժողականության ու կամեցողության արդյունքը, որի շնորհիվ, փաստորեն, Նորանկախ Հայաստանի ամենաառաջին Խորհրդարանը, կարելի է ասել, միանգամայն բազմակուսակցական էր:

Անցյալ դարի ութսունականների վերջերին, երբ Խորհրդային Միությունը մեկից սկսեց փլուզվել, եւ միութենական գրեթե բոլոր հանրապետություններում ծայր առան հակասովետական անկախական շարժումներ, բնականաբար՝ հակախորհրդային հանրահավաքներ ծավալվեցին նաեւ Հայաստանում, եւ հարկ ենք համարում հիշել ու նաեւ նշել, որ հանրահավաքների իմաստով Հայաստանն ամենաակտիվներից էր, եւ տեղին ենք համարում նշել նաեւ, որ հանրահավաքների իմաստով Հայաստանը Խորհրդային մյուս հանրապետություններից տարբերվում էր նրանով, որ Հայաստանում ծավալվող բազմահազարանոց հանրահավաքները, որոնք հիմնականում կազմակերպվում էին «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով, Խորհրդային մյուս հանրապետություններում ծավալվող ու ընթացող հանրահավաքներից տարբերվում էին նրանով, որ այստեղ ընթացող հանրահավաքների նպատակը ոչ միայն Հայաստանի անկախացումն էր, այլեւ Ղարաբաղի անկախացումն ու անջատումն Ադրբեջանից: Ավելին. «Ղարաբաղը մերն է» կարգախոսը Հայաստանի հանրահավաքներում առաջնային էր, եւ իր առաջնայնությամբ գերազանցում էր նույնիսկ «Անկախություն Հայաստանին» կարգախոսին:  Վստահաբար կարող եմ ասել ու պնդել նաեւ, որ Հայաստանի քաղաքացիներիս համար առ այսօր էլ «Ղարաբաղը մերն է» կարգախոսը չի կորցրել իր կարեւորությունն ու հնչեղությունը, եւ Հայաստանի քաղաքացիներս մեր երկրի իշխանություններին արժեւորում ու գնահատում ենք նաեւ, եթե ոչ առաջին հերթին, Ղարաբաղի հարցում հանդես բերած վերաբերմունքով, եւ նոր Հայաստանի իշխանություններին արժեւորելիս ու գնահատելիս էլ ենք Ղարաբաղի հարցը կարեւորում ու մեծապես հաշվի առնում, եւ Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրություններին էլ մեծ հետաքրքրությամբ ենք սպասում եւ մեծ կարեւորություն ու նշանակություն ենք տալիս. Նույնքան կարեւորություն ու նույնքան նշանակություն, ինչքան որ Հայաստանի իշխանություններին ընտրելիս ենք տալիս:

Որովհետեւ բոլորս գիտակցում ու հասկանում ենք, որ իսկապես «Ղարաբաղը մերն է»:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

13.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031