Լրահոս
Օրվա լրահոսը

Նոնա Գալստյան. «Քո յուրաքանչյուր էմոցիա պետք է անհասանելի լինի վստահորդիդ»

Դեկտեմբեր 14,2019 21:31

Փաստաբան Նոնա Գալստյանը պաշտպանում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրավունքները: Ասում է՝ առաջին գործը, որ իրեն բերեց ընտանեկան բռնության գործերի ոլորտ, տարիներ առաջ Նուբարաշենի գիշերօթիկում տեղի ունեցած սեռական բռնությունն էր. Գալստյանը դատարանում ներկայացնում էր այն երեխաների շահերը, որոնց նկատմամբ պարբերաբար սեռական բռնություն էր գործադրվել գիշերօթիկում:  Այս գործի արդյունքում, ինչպես պատմում է Գալստյանը, «Կանանց աջակցման կենտրոնը» առաջարկեց փաստաբանին համագործակցել՝ պաշտպանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքները:

«Աշխատավարձը սիմվոլիկ էր, բայց դա չէր կարեւորը: Ինձ համար կարեւոր էր հասկանալ ոլորտը եւ բռնությունից անձանց պաշտպանելու, օգտակար լինելու անսպառ ձգտումը»,-ասում է փաստաբանը:

Հիմա արդեն նման գործեր վարելու առումով բավականին հմտացած է, բայց նկատում է՝ առանց թիմային աշխատանքի հաջողությունն ու արդյունքն այն չէ: Իր թիմը՝ կենտրոնն է. համեմատում է թիմային աշխատանքն ու առանձին փաստաբանի աշխատանքներն ընտանեկան բռնության դեպքերով.«Առանձին փաստաբանը չունի թիմ, սոցիալական  աշխատող, հոգեբան, որպեսզի համալիր գնահատվի իրավիճակը, անձը իրեն պաշտպանված եւ ապահով զգա: Գործը սկսվում է այնտեղից, երբ սկսում ես հզորացնել բռնության ենթարկված անձին, որպեսզի նա կարողանա քեզ հետ միասին պայքարել, իսկ միայնակ այն արդյունքը չի լինի: Ընտանեկան բռնության դեպքերում կարեւոր է, որ իրավական աջակցությունը մասնագիտացված լինի»:

Գալստյանը նմանատիպ գործերով սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ ՀՀ-ում չկար ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքը, ու այն ժամանակ շատ բարդ էր, որովհետեւ հասարակության մեջ կար ընկալում, եւ հիմա էլ այդպես է, թե ընտանեկան բռնությունը խնդիր չէ, դա նեղ անձնային հարաբերություններ են, որոնք չպետք է որեւէ կերպ որակվեն իրավական մակարդակում:

«Օրենքը պետք էր, որպեսզի մարդիկ գիտակցեին՝ ընտանիքի անդամների միջեւ բռնությունը ընտանեկան հարաբերություններ չեն, դա ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորում է, հանցագործություն է, եւ բռնություն գործադրած ընտանիք անդամը պետք է պետության կողմից  պատժվի, սահմանափակումների ենթարկվի, նման վարքագիծը չպետք է ընդունելի համարվի: Սա էր մեր խնդիրը, եւ մի քանի հասարակական կազմակերպությունների հետ մենք երկար պայքարեցին, որպեսզի օրենքն ընդունվի, չնայած, որ այն հիմա էլ շատ բացեր ունի»:

Փաստաբանն ասում է՝ բացի ընտանեկան բռնության դեպքերից, այլ գործեր էլ է վարում, բայց ընտանեկան բռնության դեպքերով զբաղվելու կարեւորություն այն է, որ առավել ուղղակի կերպով է առնչվում անձի իրավունքների պաշտպանությանը:

Աշխատանքի ընթացքում լինում են հաջողություններ էլ, անհաջողություններ էլ, զգացումները դատական գործընթացում տարբեր են: «Լինում է զայրույթ, ընկճվածության զգացում եւ չկարողանալ որեւէ բանով օգտակար լինելու զգացում, իսկ հաղթանակների դեպքում՝ հպարտություն»,-ասում է փաստաբանը: Բայց զգացումներն ու հույզերը, ինչպես նշում է Գալստյանը, պետք է թաքցնել վստահորդից, հատկապես բացասական հույզերը.«Քո յուրաքանչյուր էմոցիա պետք է անհասանելի լինի վստահորդին: Նրանք առաջնային եւ առավել ուժեղ աջակցությունը սպասում են փաստաբանից, հետո` սոցաշխատողից եւ հոգեբանից: Եթե զգացումներս նկատեն՝ օրինակ՝ բացասականը, դա կրկնակի կարտացոլվի նրանց հոգեվիճակի վրա: Գիտեք, եղել են դեպքեր, որ մենք չենք ունեցել այն արդյունքն, ինչը նախապես ակնկալում էինք,  բայց անգամ այդ պարագայում, կինն ուժեղացել է, ինքնուրույն որոշում կայացնելու միտում է եղել, ինքնավստահություն է եղել»:

Գալստյանն ասում է՝ տանը կին է, մայր, բայց մասնագիտությունը տանն էլ չի նահանջում: Ասում է՝պատահում է, որ տնային աշխատանքներ կատարելիս, մտքին մի բան է գալիս ու անմիջապես գործը թողնում է, բացում համակարգիչն ու վստահորդի գործերով զբաղվում.«Երեխաներս արդեն սովոր են տանն ինձ հաճախ տեսնել համակարգչի մոտ՝ աշխատելիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031