Լրահոս
Օրվա լրահոսը

Անքննելի են գործերն Աստծո ու ԱԱԾ-ի (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Դեկտեմբեր 14,2019 19:19

Եկան ժամանակներ, երբ իմ երկրի մարդկանց բռնելիս գործադրում էին այնպիսի հմտություններ, որ մարդիկ դույզն իսկ կասկածներ չէին ունենում առ այն, թե իրենց բռնել են: Սրան հաջորդում էին ջերմ-բարեկամական, ես կասեի՝ անբռնազբոս հարցաքննություններ, որ ընդմիջվում էին մի բաժակ սուրճով, հետույքին հասանելի քացիներով, արքայավայել խորովածով ու կին-երեխա ողջակիզելու սպառնալիքներով, սակայն ԱԱԾ դերասանների բարձր պրոֆեսիոնալիզմն իսպառ բնաջնջում էր անգամ հետին կասածներ, և բռնվածի մտքով իսկ չէր անցնում, թե իրեն հարցաքննում են: Ընդհակառակը. քահ-քահ ծիծաղում էր, երբ եղունգները քաշելու կատակներ էին լինում և հաճույքով վայելում էր յուղոտ կտորներ, որ հերոս հովիվներն էին ուղարկում վարչապետի սեղանին, իսկ վարչապետը օրն ի բուն ծամում էր դրանք՝ թարմ թուք ու մուր թքելով մարդ-մուրդ վաճառողների ուղղությամբ: Այս ամենին գումարվում էր կիսատկլոր ու երկար փեշերով տղաների հեզաճկուն պարը, որ բնավ չէր հեռանում հանրապետության բեմերից: Իսկ ընդհանուր առմամբ, աբորիգենների երկրում և՛ խաղաղություն կար, և՛ կայունություն. մանրուքները չհաշված: Սոսկ քառասուն օր հետո հանկարծ նկատվեց, որ երկրի նախագահն անհետ կորել էր, իսկ ԱԱԾ-ն միավորվել էր եկեղեցու հետ՝ ձևավորելով  Ձերժինսկու անվան հոգևոր անվտանգության ճեմարաններ:

Եվ պատահեց այնպես, որ պետության քաղաքականությանն ընդդեմ ըմբոստներն անգամ երազում էին գեղեցիկ հարցազրույցներ, որոնք հետո հեռարձակվում էին Առաջին ալիքով, իսկ հաղորդման վերջում ցուցադրում էին հասարակական բաղնիքում անվնաս քաղաքացիներ՝ հստակ ապացուցելով, որ նրանց բոլորին որսացել են առանց բռնելու և հարցաքննել են դույզն իսկ չխոշտանգելով:

– Չէ՞ որ Տերն ինքը պատգամեց ԱԱԾ-ին՝ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ,- հույժ գաղտնի հրճվում էին ԱԱԾ որոշ աշխատակիցներ, որ վերջերս կորցրել էին իրենց ղեկավարին ու հիմա ուսադիրները կարում էին մերկ ուսերի վրա ու կրում էին դրանք հագուստի տակից՝ մինչև որ զուլալվեն պղտոր ջրերն ու պղտոր ջրերում ձուկ բռնողներից առաքյալներ ընտրվեն:

– Իհարկե, մի փոքր զարմանալ կարելի է, երբ աստվածաշնչյան մարգարեությունները 21-րդ դարի մարդուն են բացվում ԱԱԾ աշխատակիցների շնորհիվ,- տարակուսում էին որոշ բանիմաց հոգևորականներ, որ սուրբ Գիրքը թողած՝ անատոմիայի դասագրքերն էին սերտել,- բայց անքննելի են գործերն Աստծո ու ԱԱԾ-ի: Փառքդ շատ լինի Տեր ԱԱստվաԾ:

Այս անսուտ ճշմարտության վրա հենվելով՝ առաքելական հավատի հանգանակը համալրվեց կրոնական մեկ այլ դոգմայով, համաձայն որի՝ մարդ բռնելիս՝ անհրաժեշտ է հույս, հավատ, սեր և մկրտություն:

– Առաջին երեքը մի կերպ հասկացանք,- սրտակեղեք ճռվողում էին կապույտ անձնագրով կապույտ ճանաչված տղամարդիկ,- բայց մկրտության հարցը, դիցո՛ւք, ոչ մի կերպ չի մտնում…. գլուխներս: Ու հիմա մենք չգիտենք, թե մկրտվելիս մեզ ինչպես են բռնել:

– Ինչպես թե՝ ինչպես են բռնել,- աղեստամոքսային զարմանք էին արտահայտում թեթևաբարո կանայք, որ դեռ վերջերս ծանրակշիռ այրեր էին դատական համակարգում,- մինչև հիմա չեք պատկերացրե՞լ, թե  ինչպես են գոյանում նրանք, ովքեր հետո ընդունվում են իբրև հերոսներ:  Ոմանք մինչև իսկ սրբադասվում են, ինչպես, օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը, որ հոգեզառանցական քրիստոնեության հիմնադիրը եղավ, սակայն ինքն անձամբ չէր հասկանում, թե ինչ կարող են ենթադրել իր խոսքերն ու քարոզները, քանզի անմնացորդ ենթարկվում էր Պատվիրանին, իսկ Պատվիրանը, երևի դուք էլ լսած կլինեք, պահանջում է. «Երբ խոսքեր դուրս գան բերանիցդ, թող ձախ ականջդ չիմանա, թե աջն ինչ էր լսում այն խոսքերից, որոնք Տերը կդնի ձեր բերանների մէջ, երբ հարցաքննության տարվեք»:

Ամբողջ այս պատմությունը գրվել է որպես հիշեցում առ այն, որ պետությունը խոհանոց կդառնա, եթե վերջին խոհարարն է կառավարում:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել