ԱԺ նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանի համար մտահոգիչ է, որ կառավարությունում միանշանակ չի ընկալվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը՝ 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:
Հիշեցնենք, վերջերս, լրագրողների հետ զրույցում, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այդ առիթով ասել էր. «Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություն կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրում կատարել, հավելյալ արժեք գեներացնել: Իսկ հիմա, կստացվի, որ մի կողմից արել են ուղղակի հարկերի նվազեցում, մյուս կողմից՝ հարկային բեռ ենք ավելացնում»:
Մի կողմից Արա Բաբլոյանը հասկանում է, որ առհասարակ, ֆինանսների նախարարների՝ անկախ անձից, «ձեռքը պինդ» է եւ նրանք աշխատում են շռայլ չլինել: Բայց, Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությունները մտահոգել են Արա Բաբլոյանին՝ իբրեւ գործադիր մարմնի՝ կառավարության ներկայացուցչի եւ իշխող քաղաքական թիմի նախարարի կողմից արված հայտարարություններ: Արա Բաբլոյանը ցանկանում է, որ կառավարությունում հստակ պատասխանեն հարցին՝ ի՞ նչ տիպի պետություն ենք ուզում կառուցել՝ սոցիալական բնույթի, թե՞ գնում ենք վայրի մրցակցության եւ վայրի բիզնեսի ճանապարհով, որտեղ ունեւորը ստրկացնում է իր աշխատողներին կամ արհամարհում է այլոց իրավունքներն ու պահանջները: Մեր զրուցակիցը միաժամանակ հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ մեր երկրի զարգացման ուղին ամրագրված է, եւ դա սոցիալական պետությունն է:
«Ես անձին չեմ ուզում պաշտպանել, ես գաղափարն եմ պաշտպանում, եւ եթե այդ գաղափարն այսօր տվել է առողջապահության նախարարը, ես ողջունում եմ դա: Բայց նույն կառավարության մեկ ուրիշ նախարարի ես ցանկանում եմ քննադատել, որովհետեւ ինձ համար անընդունելի են իր մոտեցումները»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վստահ է, որ լրացուցիչ հարկահավաքությունն առողջապահության նախարարի նպատակը չէ, նրա նպատակն է՝ ստեղծել երաշխիքներ, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ապահովագրված լինեն ինչ-որ չափով. իսկ ինչ-որ չափով, քանի որ մեր պետությունը դեռ աղքատ է եւ շատ մեծ խոստումներ չի կարող տալ. «Բայց նաեւ չլինի այնպես, որ մարդը հիվանդության պատճառով հաշմանդամություն ձեռք բերի, կյանքը կորցնի կամ ստիպված լինի բնակարանը վաճառել: Եթե կառավարությունը որոշի, որ հարկը չդնելու փոխարեն, հաշվարկված գումարը պետբյուջեից հատկացնի, ես կարծում եմ, նպատակին հասած կլինի»:
Կարդացեք նաև
Արա Բաբլոյանին հետաքրքիր է, երբ Ատոմ Ջանջուղազյանը խոսում է այն մասին, որ ազատված միջոցներով ցանկանում ենք ներդրումներ ապահովել՝ որտե՞ղ են առաջին ներդրումներն անհրաժեշտ: Նա ևս մեկ հարցի պատասխանն է ակնկալում պարոն Ջանջուղազյանից՝ IT ոլորտի տնօրենները, որոնք կամավոր իրականացնում են իրենց աշխատողների առողջապահական ապահովագրությունը, ինչու՞ են դա արել:
Արա Բաբլոյանն ունի իր հարցի պատասխանը. «Որովհետեւ նրանք հստակ հասկանում են, որ իրենց բնագավառի զարգացնողը ոչ թե համակարգիչն է, որի վրա աշխատում է տվյալ աշխատակիցը, այլ այդ աշխատակիցը, որը մշակում եւ ներդնում է ծրագրերը համակարգչի մեջ: Եվ եթե համակարգիչը փչացավ, ինքը կարող է նորը ձեռք բերել, բայց եթե աշխատակիցը հիվանդացավ կամ նրան կորցրեց, ապա ինքը երկար ժամանակ խնդիր կունենա: Ուստի, պետք է հասկանալ, որ ներդրումը պետք է նախ արվի մարդու, քաղաքացու, աշխատակցի մեջ, որն էլ հետագայում քեզ համար կապահովի արդյունավետ աշխատանք»:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ 2012 թվականին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվեց, որ գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր աշխատողի համար, յուրաքանչյուր ամսվա հաշվարկով, մինչեւ տասը հազար դրամի չափով, ազատվում են հարկումից: Արա Բաբլոյանը հիշում է, որ այդ քննարկումների ժամանակ անգամ հարցրել է՝ ո՞ րն է զարգացում ապահովողը՝ տրակտո՞ րը, թե՝ տրակտորիստը եւ ինչո՞ ւ ենք տրակտորի վերանորոգումը ծախս համարում, իսկ տրակտորիստի առողջացումը՝ նրա համար եկամուտ: Արա Բաբլոյանը փաստում է՝ այն ժամանակ ընդունելով այս մոտեցումը, պետությունն աջակցեց գործատուին, որպեսզի վերջինս շահագրգիռ լինի մտածել եւ մասնակցել իր աշխատողի առողջության պահպանմանը:
Մեր զրուցակիցը փաստում է՝ կարեւորը գաղափարի ընդունումն է, որ պետք է ունենանք առողջության համընդհանուր ապահովագրություն, մնացյալ հարցերը՝ քանի՞ տոկոս հարկ սահմանել, դրանից որ մասն ո՞ւմ վրա դնել եւ այլն, քննարկելի են: Արա Բաբլոյանի համար տարակուսելի է, որ պետությունը երաշխիքներ է տրամադրում հասարակության տարբեր շերտերին, բայց այն շերտը, որը աշխատում է, բարիքներ է ստեղծում, երաշխավորված չէ: Իր համար պետության զարգացման գրավականներն են՝ բնակչության անվտանգությունը, կրթությունը եւ առողջությունը: Նրա համոզմամբ՝ կրթված եւ առողջ մարդն է զարգացում ապահովողը եւ պետության վերաբերմունքը նման մարդկանց նկատմամբ պետք է համաչափ լինի:
«ԱԺ-ում, երբ վարչապետին հարց ուղղեցին, ես սպասում էի, որ նա կքաջալերի գաղափարը, կասի՝ այո, մենք պետք է մշակենք ծրագրեր, որոնք կբերեն սոցիալական արդարության, առողջության երաշխիքներ կառաջացնեն, բայց մոտեցումները քննարկման առարկա են»,- ասում է մեր զրուցակիցը՝ նաեւ նկատելով, որ պետական հատվածում աշխատողների առողջապահական ապահովագրություն կա եւ այս հարթությունում էլ ստացվում են անհավասար պայմաններ եւ աշխատող հատվածի 2/3-ը, որը մասնավոր հատվածում է, երաշխավորված չէ, ինչը բնավ սոցիալական պետության մոդել չէ:
Արա Բաբլոյանն այս բեռը գործող կառավարության վրա չի դնում, խնդիրը եղել է, զարգացումներ, դրական տեղաշարժեր՝ նույնպես, բայց ինքն անհրաժեշտ է համարում դրա շարունակականության ապահովումը. «Հարցը քննարկման առարկա է եւ քննարկումներում պետք է գտնել լավագույն ուղիները: Թող նաեւ հարցումներ իրականացվեն հանրության շրջանում՝ տարբերակների ընտրության հարցում: Մենք չենք կարող նստել եւ ոչինչ չանել, քանի որ լավագույն լուծումը չունենք»:
Արա Բաբլոյանին մտահոգել է նաեւ նույն հարցազրույցում ֆինանսների նախարարի այն հայտարարությունը, որ եթե ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, դա որակի տեսանկյունից կարող է խնդրահարույց դիտարկվել: Մեր զրուցակիցը նկատում է՝ ամենը փորձարկված է եւ նման խնդիր չկա. պետությունը կատարում է քաղաքացու նկատմամբ իր պարտավորությունը, այլ հարց, եթե քաղաքացին հավելյալ արդյունք է ցանկանում եւ պատրաստ է դրա դիմաց վճարել:
«Այո՛, եթե գնում ենք պոպուլիզմով եւ ցանկանում ենք ցույց տալ, որ շատ մարդու համար է պետությունը վճարում, եթե գնում ենք ոչ թե իրական արժեքներով, այլ շատ ցածր արժեքներով, իհարկե, որակը չի լինում: Մյուս կողմից՝ չես էլ կարող որակն ապահովել, քանի որ եթե բուժաշխատողին չես ցանկանում արժանապատիվ հատուցել, ինչպես պետք է այդ բուժաշխատողը որակյալ գործ անի: Այո՛, բժիշկները տվել են Հիպոկրատի երդումը, բայց մենք նվիրվածությունը չենք կարող փոխարինել ստրկատիրությամբ: Վերջին 10 տարին Հայաստանը լքող բժիշկների թիվը մի քանի անգամ ավելին է, քան անկախության առաջին տասնամյակում: Չի կարող բժիշկը Հայաստանում աշխատել 500 եվրո գումարին համարժեք դրամով, եթե Գերմանիայում նրան նույն աշխատանքի դիմաց 10 հազար եվրո են առաջարկում»,- ասաց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ պետություն- քաղաքացի, նախարարություն-բուժաշխատողներ հարաբերությունները պետք է գործընկերային լինեն եւ այդ դեպքում ամեն հարցի լուծում էլ կգտնվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ