«Միամտություն է, թե իշխանությունը սխալ է անում: Մոռացեք դա: Այս իշխանությունը շատ ադեկվատ է եւ ոչ մի սխալ չի արել: Միակ սխալն այն է, որ դանդաղ է անում այն ծրագիրը, որի համար եկել է իշխանության եւ որի համար օգնել են գալ իշխանության: Ինձ մի անգամ սա ասելու համար ԱԱԾ հրավիրեցին: Կույր պետք է լինել, որպեսզի չտեսնել, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է, որը հրաշալի լուծում է իր խնդիրը»,-«Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Արցախյան հակամարտության բանակցությունների ներկայիս փուլի վերաբերյալ նա հետեւյալ համոզմունքը հայտնեց. «Քննարկվում է «տարածքներ խոստումների դիմաց»-ը: Սեղանին փաստաթուղթ կա՞, թե ոչ: Իհարկե, կա: «Կռուտիտ» բառը չէի ուզի ասել, բայց, իհարկե, կա եւ դրանում գրված է այն, ինչ ասացի: Բրատիսլավայի մասին շուտով կխոսեմ, բայց եթե կարճ ասեմ՝ էապես մեծացել է պատերազմի վտանգը: Աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունեցել: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Բրատիսլավայում ներքին լսարանին էր ուղղված: ՀՀ-ն պատասխան չունի իր իսկ դրած աբսուրդային հարցերին: Այդ ելույթն աշակերտի ելույթ էր, մի մասը՝ շատ վատ արտագրված մեր դաշտի գործիչների խոսքերից»:
Դավիթ Շահնազարյանը կոչ արեց համեմատել Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ հայտարարությունը: Նրա խոսքով՝ դրա հայերեն եւ անգլերեն տարբերակում էական տարբերություններ կան, օրինակ՝ անգլերեն տարբերակում «Արցախ» բառի հիշատակվում է երկու, իսկ ահա հայերենում՝ 18 անգամ, իսկ Զոհրաբ Մնացականյանն օգտագործել է «անվտանգության գծեր» արտահայտությունը. հասկանալի չէ, թե ինչ է նկատի ունեցել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ