«Գործող իշխանությանը Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի սխալների դիտավորյալ մեղսագրում չէի անի, բայց այդ վարկածն էլ չեմ բացառում, որովհետեւ մարդիկ պարբերաբար փորձում են խմել ողջ ծովը, որպեսզի հասկանան, որ աղի է, մինչդեռ կարելի էր առաջին իսկ կումից դա հասկանալ»,-«Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով. «Այսօրվա իրավիճակում բանակցային գործընթացի կոնտենտը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որը մենք ենք թողել իրենց որպես բանակցային փաստաթուղթ, բայց՝ բազմաթիվ կորուստներով: Կորուստը ժամանակը չէ միայն, օրակարգային կորուստներ էլ են առաջացել: Բրատիսլավայի եռակողմ հայտարարությունը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից շեշտում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հարցը եւ այլւես չի դիտարկում շփման գծում մշտադիտարկման ներդրման անհրաժեշտությունը: Դա օրակարգային կորուստ էր»:
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ. «Մենք նաեւ դիրքավորում ենք կորցրել: Եթե առաջ բանակցային գործընթացքում հայկական կողմը խաղում էր սպիտակներով, այսօր խաղում է սեւերով: Կորցրել ենք նաեւ իմիջ: Նախկինում տպավորություն էինք ստեղծում, որ հայկական կողմը կառուցողական է, իսկ ադրբեջանականը՝ ապակառուցողական, իսկ այսօր դա կա, եւ դրա մասին վկայում են նաեւ համանախագահների հայտարարությունները: Այս հանցավոր անգործության եւ մեծամտության պարագայում օրակարգ է վերադարձել մի հարց, որը կոչվում է «ադրբեջանական համայնք», եւ այդ հարցը բավականին ագրեսիվ է»:
Արմեն Աշոտյանը հավելեց. «Բարձրաձայնեմ, որ երեկ Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորները ստացել են մի սրտաճմլիկ նամակ՝ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»: Շատ խելոք գրված եւ սրտաճմլիկ նամակ է, որի իմաստը հետեւյալն է՝ անկախ նրանից, որ հայերը մեզ սպանել-կոտորել-մորթել են, ախր մենք շատ ենք ուզում հայերի հետ ընկերանալ եւ խաղաղություն կառուցել, մենք պատրաստ ենք վերադառնալ, ներել նրանց: Օգնեք մեզ, որ կարողանանք հայերի հետ շփվել: Սա լուրջ քաղաքական ուղերձ է պարունակում: Սա բավականին վտանգավոր նամակ է: Սա նշան է նրա, որ օրակարգ է փոխվում համանախագահների եւ միջազգային կառույցների մակարդակում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ