Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք թխած, կարած, շառով տված գործեր են»․ Կարապետ Պողոսյանը՝ գործարար Շեկոյի ու նրա ընկերոջ կալանավորման մասին

Դեկտեմբեր 14,2019 13:24

Գյումրիում գործարար Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի և  նրա աշխատակցի՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովի կալանավորումը, Կարապետ Պողոսյանը, որը  Շիրակի մարզում երկար ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, Aravot.am-ի հետ զրույցում որակեց  որպես «թխած, կարած, շառով տված գործեր»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն առ այն, որ այս անձինք «Ջավախք» խանութի դիմաց իր ընկերոջը ծեծել են, նրանց միջոցով սպառնացել իրեն, իսկ պատճառը եղել է իր քննադատությունը՝ հասցեագրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ էր ուղարկել։

«Գարիկ Ուզունյանի կալանավորման համար քննիչը միջնորդել էր վերցնել երեք հիմքեր․ փորձեմ պարզ լեզվով ներկայացնել։ Առաջին հիմքը, որ ներկայացված էր, այն էր, որ Գարիկը կարող է դիմի փախուստի, դրանով խոչընդոտի քրեական գործի լիարժեք բացահայտմանը։ Սա միանշանակ  անհիմն է, և դատավորը դրա դեմ ունեցել  է որոշակի առարկություն, որովհետև  Գարիկ Ուզունյանը չէր կարող դիմել փախուստի․ եթե փախչող լիներ, Երևանից չէր գա, հասնի Գյումրի և չէր ներկայանա ոստիկանություն, ինչքան էլ ոստիկանությունը փորձեց բեմադրություն կազմակերպել, որ  բերման ենթարկեր, բոլոր դեպքերում փաստը կար, որ նա ինքնակամ եկել է ներկայանալու ոստիկանություն։

Երկրորդ հիմքը, որ քննիչը նորից առաջարկում էր, և որը, միանշանակ, անհիմն էր, դա վկաների, գործով անցնող անձանց նկատմամբ ճնշում գործադրելն է։ Գործով անցնում են 4 անձ, որից երկուսն արդեն ճանաչվել են տուժողներ և չորս անձն էլ, նաև Գարիկ Ուզունյանը տվել են ցուցմունքներ, բացատրություններ, որտեղ բոլոր չորսի ցուցմունքներն էլ նույնաբովանդակ են։ Այսինքն պիտի մտածել, որ գործն, ըստ էության, բացահայտված է, որովհետև չորս կարևոր անձինք տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ։

Վերջին երրորդ հիմքը, որը լրիվ աբսուրդի է հասնում, քննիչը պնդում է, որ երրորդ անձի նկատմամբ եղել  է սպառնալիք և դա կարող է իրագործվել։  Եթե ավելի պարզ խոսեմ, գուցե մի քիչ տհաճ ու գռեհիկ հնչի, բայց օբյեկտիվության ու նաև ճշմարտությունն ասելու համար թող ներեն ինձ բոլորը,  մասնավորապես քննիչն ուներ կասկած, որ Գարիկ Ուզունյանը Կարեն Սարուխանյանի  հասցեին հայհոյանք է հնչեցրել , և եթե նրան չկալանավորի, միգուցե իրագործի։  Այսքան  ցածրանալ ու դատական համակարգը իջեցնել այս աստիճանի , ինձ համար անթույլատրելի է», -ասում է Կարապետ Պողոսյանը։

Վերջինս ասում է, որ դատավորից  3 ժամ ու կես պահանջվեց Գարիկ Ուզունյանի կալանքի որոշումը գրելու համար։  Ըստ նրա, նման որոշումները  շատ ավելի արագ են կայացնում, իսկ սա խոսում է դատավորի նկատմամբ ճնշումների մասին։

Կարապետ Պողոսյանն ասում է, որ երկրորդ անձի՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովի կալանավորման միջնորդությունը քննելիս՝ քննիչը ներկայացնում է մեկ հիմք, սակայն դատական պրոցեսը սկսվելուն պես՝ դատախազը նոր երկու հիմք է բերում, որը արդար ու մրցակցային դատավարության խախտում է, քանի որ պաշտպանը և Զոհրապը չէին կարողանա ծանոթանալ այդ հիմքերին։

Կարապետ Պողոսյանի ասելով, դատավորը հաշվի չի առել այն, որ Զոհրապը երրորդ կարգ  հաշմանդամ է, նրա մայրն առաջին կարգի հաշմանդամ է, հայրը ևս հաշմանդամ է, ունի մանկահասակ քույր։ Տան միակ կերակրողը Զոհրապն է, որը չուներ քրեական անցյալ, դատվածություն։

«Այս կարգի գործ սարքել, այս կարգի գործ տալ, մարդկանց հետապնդել, սա աննախադեպ է։ Եթե դատախազը կասկած  ունի, որ հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքը կարող է իրագործվել, ու դրա համար մարդ նստեցնել, ես մի հարց տամ՝  Սարուխանյան Կարենը իր կարճ պաշտոնավարման՝ այս 1,5 տարվա  ընթացքում հասցրել է բազմաթիվ թշնամիներ ձեռք բերել, այնքան, որ մարդը, հարյուր տարի ապրելով, չէր կարող ձեռք բերել։

Այդ թշնամիների 50 տոկոսը հաստատ իրեն հայհոյանքներ են տվել, հիմա ինքը պիտի բոլորին տանի, փակել տա, որ այդ հայհոյանքներն ի կատար չածվե՞ն։ Սա աբսուրդ է ու  խոսում է այն մասին, որ այս կարգի ճնշումները Սարուխանյան Կարենի հնարավորություններից շատ, շատ դուրս են։ Սա ինքը չէր կարող անել առանց «դաբրոյի», կամ ինքը երևի խնդրել է իր քաղաքական առաջնորդին և ամբողջ մի մեխանիզմ է գործի դրել, որպեսզի երկու նորմալ, աշխույժ, ընդդիմադիր, ըմբոստ երիտասարդների ինչ-որ մի ժամանակահատվածում զրկեն ազատությունից։

Այս դեպքում նրանց ազատությունից զրկելու ոչ մի անհրաժեշտություն չկար, եթե մարդիկ ընդունում են իրենց կատարած գործողությունը, խոսում են դրա մասին, չեն թաքցնում, որևէ ձևով չեն խոչընդոտում նախաքննությանը, նորմալ, աշխատող մարդիկ են։ Նույն Գարիկ Ուզունյանը մի քանի օբյեկտներ է աշխատեցնում, տասից ավելի մարդիկ կա աշխատող ու պատկերացրեք հիմա այդ մարդիկ բոլորը պիտի մնան անգործ, Զոհրապի ընտանիքը պիտի մնա անհաց, ինչի՞ համար, որ ասենք մի կենցաղային խնդրի շուրջ վիճել են,թեկուզ ծեծկռտուք է եղել, ես դրա մասին հստակ չեմ կարող ասել, նախաքննությունից հետո պաշտպանը կխոսի, բոլոր դեպքերում արարքը ոչ մի դեպքում չպիտի ավարտվեր կալանքով»։

Կարապետ Պողոսյանին տեղեկություններ են հասել, որ Կարեն Սարուխանյանը, որը հայտարարություն էր ներկայացրել ոստիկանություն, չի հրավիրվել ու չի հարցաքննվել որպես վկա։

Նա ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031