Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Տեսնելով, որ իր բերած անձինք անգամ պրիմիտիվ հարցեր չեն կարողանում լուծել, Փաշինյանն ինքն է ներքաշվել այդ ամենի մեջ․ «Փաստ»

Դեկտեմբեր 14,2019 12:16

Պետական կառավարման համակարգը ևս դասվեց մեղավորների շարքում՝ այս փուլում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։

«Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը առաջին հերթին նկատում է՝ նման հայտարարությունները բազմաթիվ նպատակներ կարող են հետապնդել։ Այս պարագայում, ըստ նրա, առաջին նպատակի հիմքում հետևյալ պատճառն է.

«Որքան էլ հասարակության ինչ-որ զանգված դեռ հետհեղափոխական էյֆորիայի մեջ լինի և ծափահարի Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում, հասարակությունը հասկանում է, որ մատնանշած ծրագրերը, որոնք խոստացել էին շատ արագ իրականացնել, չեն կատարվել։

Բացի այդ, դժգոհություն կա Փաշինյանի վարչապետությունից՝ պայմանավորված նախ այն հանգամանքով, որ, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, հասարակությունն իր գրպանի պարունակության վրա բացարձակ չզգաց հեղափոխության արդյունքները։

Իշխանությունները շատ արագ զգացին արդյունքները՝ հաշվի առնելով նախարարների, փոխնախարարների բարձրացված աշխատավարձերի չափը, պարգևավճարները։ Այստեղ, իհարկե, կարող ենք զուգահեռներ անցկացնել նաև բարձրացված նվազագույն աշխատավարձի չափի հետ»։

Նա շեշտեց, որ իշխանությունների համար այդ դժգոհությունները ևս ակնհայտ են ու հասկանալի։ «Եվ պարզ է, որ դրանից բխող խնդիրները պետք է բարդվեին ինչ-որ մեկի վրա։

Բայց Փաշինյանը չի կարող իր հայտնի դիլետանտ թիմակիցներին ձեռք տալ, նրանց մոտ գալ հնարավոր չէ, որովհետև նա ևս ունի իր երկրպագելի շրջապատը։

Ու այս առումով պատահական չէր, որ թիրախավորվեցին կառավարման համակարգի միջին օղակի ներկայացուցիչները, ներկայացվեց այնպես, թե նրանք փորձում են խանգարել երկրի առաջընթացին։

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում։

Առաջին՝ փորձում է իր կառավարության ձախողումները բարդել կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնյա չհանդիսացող հատվածի վրա և նրանց մեղադրել ձախողումների մեջ, և երկրորդ՝ կազմակերպել կադրային ջարդ ու տարբեր գերատեսչություններում այդ կադրերին փոխարինել յուրայիններով։

Ի դեպ, այդ գործընթացի առաջին փուլը եղավ հենց իշխանափոխությունից հետո։ Հիմա հերթն արդեն սովորական աշխատողներին է հասել՝ փորձում է այդ աշխատատեղերը յուրայիններին տրամադրել»,-նշեց քաղաքագետը։

Մյուս կողմից՝ Գագիկ Համբարյանը նկատում է, որ մեղավորներ փնտրելը, սեփական սխալները չտեսնելն ու չընդունելը տեղավորվում է թույլ և վախկոտ քաղաքական գործչի հոգեբանության մեջ։

«Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ հասարակությունը հենց իրեն կմեղադրի ձախողումների մեջ։ Ինչ վերաբերում է թույլ լինելուն, ապա ասվածի ցուցիչը ենթակաների վրա ձախողումները բարդելու փաստն է։

Բայց այստեղ պետք է նշել, որ խոսքը ոչ թե իր մտերմիկ շրջապատի, այլ մտերմիկ շրջապատի ենթակաների մասին է։

Դրանով փորձում է ինդուլգենցիա ստանալ իր և իր մտերմիկ դիլետանտների համար։ Բայց հարցն այն է, որ այս պահին նա Հայաստանի ղեկավարն է և ցանկության դեպքում կարող է ամեն ինչ փոխել, տանել այն ուղղությամբ, որով ինքն է ցանկանում։

Ավելի պատկերավոր ասենք՝ Հայաստանը գնացք է, որի վարորդը ինքն է՝ իր շրջապատով։ Հիմա, եթե ձախողումներ են լինում, ուրեմն, պետք է նա պատասխան տա կամ էլ այն նախարարները, որոնց իշխանության է բերել։

Մյուս կողմից, բազմաթիվ են դեպքերը, երբ, տեսնելով, որ իր բերած անձինք անգամ պրիմիտիվ հարցեր չեն կարողանում լուծել, Փաշինյանն ինքն է ներքաշվել այդ ամենի մեջ։

Չի բացառվում նաև, որ յուրաքանչյուր հարց անձամբ լուծելու ցանկությունը էգոիզմի համատեքստում է, այսինքն, որ հասարակությանն ապացուցի, թե ամեն ինչ ինքն է լուծում, թեպետ ոչ բոլոր խնդիրներն է հաջողվում լուծել։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031