ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մասնավորապես գրելով. «Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո»:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ գրել է. «Նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու»:
Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես ասել էր. «Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, տասը օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան եւ փախել»:
Լրացում. Անդրանիկ Քոչարյանի այս գրառումից հետո օգտատերերից մեկը՝ Վահրամ Պետրոսյանը հիշեցրել է, որ 2008-ի մարտի 1-ից շատ հետո էլ՝ 2016-ի հոկտեմբերին, այդ ժամանակ «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար» Անդրանիկ Քոչարյանը «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ընթացքում ասում էր. «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է և ինքը Հրանտ Մաթևոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը: Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել և մեր հակասությունները չեն ազդել և չեն կարող ազդել մեր ընկերության վրա»:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=H0hpEudqwFI