Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բողոքել է, թե պետական համակարգի գործունեության արդյունավետությունը շատ ցածր է:
Ավելին, ըստ Փաշինյանի, պետական համակարգը մի բան էլ ուռճացված է:
Այս մոտեցմամբ է պայմանավորված պետական համակարգը կրճատելու և օպտիմալացնելու իշխանությունների քաղաքականությունը: Այս տարվա սկզբից ևեթ իշխանությունը ձեռնամուխ եղավ այդ գործը կյանքի կոչելուն:
Ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարության կողմից իրականացված պետական համակարգի կրճատումներն այդպես էլ չլուծեցին պետական համակարգի արդյունավետության խնդիրը, իսկ որոշ պրոբլեմներ էլ ավելի խորացան:
Կարդացեք նաև
Խնդիրներ ի հայտ եկան տարիներով պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների և նախարարությունների ու այլ պետական հիմնարկությունների ղեկավար անձանց միջև՝ կապված նրա հետ, որ Փաշինյանի կողմից նշանակվածների գերակշռող մասը, որոնք իրականացնում են այդ հաստատությունների կառավարումը, պետական կառավարման աշխատանքի փորձ չունեն և հիմնականում առաջնորդվում են սեփական ամբիցիաներով:
Արդյունքում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը խնդրահարույց դուրս եկավ, և պետական համակարգում աշխատողների շրջանում դժգոհություններ հասունացան:
Բայց սա ամենը չէ: Խնդիրներն այնքան շատ են, որ այսպիսի իրավիճակում պետական կառավարման համակարգում ի հայտ եկած դժգոհությունը ավելի է խորանում և, գոնե ըստ Փաշինյանի, վերածվում անգամ դիմադրության:
Թերևս հենց այս հանգամանքից էր վրդովվել վարչապետ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց.
«Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»:
Փաշինյանը նաև դժգոհեց պետական կառավարման համակարգի արդյունավետությունից՝ նշելով, թե լինում են դեպքեր, երբ նախարարություններից դպրոցական մակարդակի գրություններ են գալիս։
Վարչապետը գուցե ճիշտ է, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, արդյունավետ չէ:
Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգից բողոքելուց առաջ վարչապետը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը ևս ունի իր մեղքի բաժինը:
Ստացվում է, որ վարչապետը փոխանակ փորձի տարբեր միջոցներով մեղմել պետական կառավարման ներսում առկա դժգոհությունները և քայլ առ քայլ կառավարման համակարգի գործունեությունը գցի հունի մեջ, առճակատման է գնում պետական համակարգի դեմ, ինչը, դժվար է ասել, թե ինչպիսի բացասական հետևանքների կարող է հանգեցնել:
Վերջապես, գուցե պետք է իրականությանը նայել ու հասկանալ, որ «հեղափոխությանը» դիմադրում են ոչ այնքան սևերն ու մնացած բոլոր նրանք, որոնց վրա պարբերաբար վարչապետը բարդում է իր ձախողումների մեղավորությունը, որքան իր թիմի որոշ կարկառուն անդամներ, եթե չասենք՝ մեծամասնությունը:
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում