Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգև Օհանյան․ «Պարզապես դատավորները պետք է գործերը քննեն մեկ նիստով, այլ ոչ թե ամիսներով կամ տարիներով»․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 14,2019 11:24

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դժգոհում է դատարանների գերծանրաբեռնվածությունից։ ԲԴԽ նախագահի խոսքերով՝ այդ գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգը կաթվածահար վիճակում է, որից էլ տուժում է արդարադատությունը։

«Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում, և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով»,-«Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է Վարդազարյանը։ Որպես ստեղծված իրավիճակի լուծում, ԲԴԽ նախագահը մի քանի լուծում է տեսնում՝օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ և դատավորների քանակ ավելացնել։

Նշենք, որ դատարանների գերբեռնվածության խնդիրը բարձրացվել է նախորդ բոլոր կառավարությունների ժամանակ, նախորդ մի քանի վարչապետներ մշտապես արդարադատության նախարարներին հանձնարարել են լուծումներ գտնել, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել։

Նոր կառավարությունը ևս այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Նախօրեին, օրինակ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք՝ 4000 ՀՀ դրամ։ Սկսած այս տարվա նոյեմբերի 30-ից՝ ճանապարհային երթևեկության վերաբերյալ վարչական տուգանքները դատական կարգով գանգատարկելուց առաջ այժմ պարտադիր է վերադաս մարմնին, այս դեպքում ոստիկանությանը, բողոքարկելը: Այս նախագիծը, որը մշակել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ էության միտված էր վարչական դատարանների գերբեռնվածությունը թոթափելուն, քանի որ հայտնի է, որ վարչական դատարանում հայցադիմումների գրեթե 60-70 տոկոսը ՃՈ ակտերի բողոքարկման և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ է։

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այո, դատարանները ծանրաբեռնված են աշխատում, բայց այնպես չէ, որ խնդիրը միայն օրենսդրական է։ Երբեմն, և շատ հաճախ դատավորները իրենք են պատճառ հանդիսանում, որ նիստերը ձգձգվում են ամիսներով, տարիներով, որոշումներ չեն կայացվում, դատավորը մի գործով խորհրդակցական սենյակ է գնում, որից մյուս գործերի քննությունը տուժում է։ Օհանյանի խոսքերով, իհարկե, կա նաև օրենսդրական խնդիր։ «Օրենքով սահմանվում է խորհրդակցական սենյակ գնալը։ Քաղաքացիական գործերով, օրինակ, շատ հաճախ պատահում են ակնհայտ անհիմն գործեր, կամ գործեր, որոնց դեպքում ելքն ակնհայտ է։ Այդ գործերով խորհրդակցական սենյակ հեռանալ պետք չէ։ Զուգահեռ կարելի է շարունակել քրեական գործերով քննությունը։ Ամեն հայտնված բացարկի միջնորդության համար խորհրդակցական սենյակ գնալ պետք չէ։ Գործեր կան, որ հնարավոր է 100 անգամ բացարկ հայտնել, պատկերացրեք՝ դատավորը 100 անգամ էլ գնա խորհրդակցական սենյակ, ուր ենք հասնելու։ Եվ հետո դատարանների գերբեռնվածությունը թոթափելու համար հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես դատավորները պետք է գործերը քննեն մեկ նիստով, ինչպես պահանջում է օրենքը, այլ ոչ թե ամիսներով կամ տարիներով: Դա այնքան տրիվիալ հարց է: Պարզապես պետք է բյուրոկրատիան վերացնել:

Դատավորը պետք է գործին նախապես ծանոթ լինի, գործերը քննի և ավարտի մեկ նիստով: Այսքան բան։ Ամերիկյան փորձը նայեք, մուրճի մեկ հարվածով արագ որոշում է կայացնում՝ հայցը բավարարել, կամ մերժել»,- ասաց Օհանյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031