Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի զինված խմբի գործով հարցաքննվել են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ․ «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 14,2019 11:14

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երեկ շարունակվել է 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով դատական նիստը:

Շուրջ երեք տարի քննված քրեական գործով դատաքննությունը դատավոր Մակյանի մոտ վերսկսվեց այս տարվա սեպտեմբերին, քանի որ գործը նախկինում քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Վերաքննիչ քրեական դատարան։ Այժմ դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Երեկվա դատական նիստին հարցաքննվեց վկա Արտուշ Ալիխանյանը: Վերջինս աշխատում է Հանրային հեռուստաընկերության անցագրային ռեժիմի եւ հասարակական հսկողության ապահովման բաժնում՝ որպես ոստիկան: Դատարանի հարցին ի պատասխան՝ նա հայտնեց, որ նիստերի դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է միայն ամբաստանյալ Արման Հայրապետյանին (նա Հ1-ում արբանյակային հեռուստացանցի համակարգող է աշխատել,-խմբ.): Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մուտք կա Հանրային հեռուստաընկերությունում, ինչպես է իրականացվում դրանց հսկողությունը, եւ արդյո՞ք Արման Հայրապետյանի մուտքն ու ելքը եւս գրանցվում է իրենց բաժնում: Դատախազի հարցերին ի պատասխան վկան պատմեց. «Չեմ հիշում, թե 3-4 տարի առաջ քանի մուտք կար, բայց վերանորոգվող մուտքեր կային, եւ դրանք դուրս էին հսկողությունից, հնարավոր է՝ մարդ մտներ, չտեսնեինք, մենք միայն գլխավոր մուտքն էինք հսկում, իսկ աշխատողներն էլ անցնում էին կենտրոնական մուտքով՝ իրենց էլեկտրոնային քարտերի միջոցով: Այսինքն՝ նրանց մուտքն ու ելքը, որպես այդպիսին, չէր հսկվում»:

Երկրորդ վկան Հանրային հեռուստաըկերության եթերի ապահովման ծառայության մասնագետ Հարություն Մեհրաբյանն էր, որը եւս հայտնեց, որ նիստերի դահլիճում գտնվող անձանցից ճանաչում է միայն ամբաստանյալ Արման Հայրապետյանին, որի հետ ունի աշխատանքային հարաբերություններ: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց, թե մեղադրանքի սահմաններում վկան ինչ փաստեր կարող է ներկայացնել: Ինչին ի պատասխան Մեհրաբյանը պատմեց, որ դեպքից մի քանի օր առաջ Արման Հայրապետյանը մի աղջկա հետ գնացել է Հանրային հեռուստաընկերություն. «Նոյեմբերի 14-ն էր, ուշ ժամ, մտան եթերային բաժին, որը փակ տարածք է, 3-4 րոպե ման եկան եւ դուրս եկան, դե, նոր բաժին էր՝ սիրուն սարքած, բերում, մարդկանց ցույց էին տալիս»: Թե ով էր այդ աղջիկը, եւ որն էր նրա գալու նպատակը, վկան չգիտեր:

Մեղադրող դատախազի հարցին, թե ինչպես է Արման Հայրապետյանը մուտք գործել իրենց բաժին, քանի հոգով են այնտեղ աշխատում, եւ արդյոք ինքը լսել է Արմանի եւ այդ աղջկա միջեւ եղած որեւէ խոսակցություն, վկան պատասխանեց. «Մեր բաժնում երեք հոգով էինք, Արմանն էլ էր մեր բաժնից, եւ անկախ այդ օրը անձը հերթափոխի է թե ոչ՝ քարտով կարողանում է մտնել: Երբ այդ աղջկա հետ եկավ, լսեցի, որ ասաց՝ սա եթերային բաժինն է, ու վերջ, 2 րոպե չի տեւել, միասին դուրս եկան»: Դատախազը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում իրեն ցույց են տվել աղջիկների լուսանկարներ, որոնց միջից նա ճանաչել է Արման Հայրապետյանի հետ եկած աղջկան: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք եղել է որեւէ ուղղորդում, եւ որքանով են արժանահավատ իր այդ ասածները. «Որեւէ ազդեցություն չի եղել, նմանացրել եմ Մարինե Կաթանյանին (գործով ամբաստանյալ,-խմբ.), բայց չեմ կարծում, թե 2 րոպեի ընթաքում կկարողանայի հարյուր տոկոսով հիշել»,-ասաց վկան՝ ամեն դեպքում պնդելով, որ իր ասածները եղել են արժանահավատ:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալ Կաթանյանին խնդրեց ոտքի կանգնել, սակայն նրան նայելով՝ վկան դարձյալ չկարողացավ հստակ հիշել՝ ասելով, որ տարիներ առաջ աղջկա մազերը սեւ էին:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031