«Աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել»,- սա ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2020 թ.-ի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում: Մի քանի ամիս առաջ եւս, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, նա անդրադարձել է աղետի գոտուն վերոնշյալ 3 մլրդ դրամ հատկացնելուն՝ ասելով. «Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է»: Այնուհետեւ նշվում է 7 հազար տնակներում բնակվողների մասին՝ տպավորություն ստեղծելով, որ վերոնշյալ 3 մլրդ դրամն ուղղվելու է նրանց բնակարանային խնդրի լուծմանը:
Եթե մեկնաբանենք երկրի թիվ 1 պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հնչեցրած վերոնշյալ հայտարարությունները, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան, շատ մեղմ ասած, անհիմն պնդումներ:
Առաջին՝ 3 մլրդ դրամն ամենեւին էլ աննախադեպ եւ ամենեին էլ մեծ գումար չէ, որ հատկացվում է աղետի գոտուն:
Երկրորդ՝ «տեսանելի ժամանակահատվածում», այսինքն մինչ «թավշյա» իշխանափոխությունը, աննախադեպ եւ բազմապատիկ ավելի մեծ գումարներ հատկացվել են աղետի գոտուն: Եվ իսկապես, այդ գումարները նույնիսկ մոտիկ չեն եղել 3 մլրդ դրամին, այլ շատ ավելին են եղել: Երրորդ՝ 3 մլրդ դրամը 7 հազար տնակներում բնակվողների համար չէ: Հետագայում, Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց հետ քաշվել այս մասին իր նախորդ հայտարարածից, ասելով, որ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից եւ, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն»:
Կարդացեք նաև
Այժմ այս ամենի մասին առավել կոնկրետ եւ մանրամասն:
2020 թ.-ին աղետի գոտու համար հատկացված 3 մլրդ դրամով նախատեսվում է լուծել մոտ 550 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում բնակվող այն բնակիչների համար, որոնք տուժել են երկրաշարժից:
Ինչ մնում է աղետի գոտու լայնածավալ վերակագնմանը, ապա այստեղ ծախսված ահռելի միջոցների, կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին տեղեկատվությամբ թարմացնենք իշխանության ղեկին գտնվողների հիշողությունը:
Մոտ 30 հազար ընտանիքներ նոր բնակարաններ ստացան 2000-ականներին
Այսպես, 1999-2007 թվականներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, աղետի գոտում շահագործման է հանձնվել 768 հազար քմ բնակելի մակերես՝ բարելավելով ընդհանուր առմամբ 20 հազար ընտանիքների բնակարանային պայմանները՝ մեծամասամբ նոր բնակարանների կառուցման միջոցով:
Դեռ հեռավոր 1999-ին այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 4 մլրդ դրամ, 2006-ին՝ եւս 10 մլրդ դրամ, 2007-ին՝ 12,2 մլրդ դրամ: Զուգահեռաբար, նոր շենքեր են կառուցվել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Լինսի» հիմնադրամի կողմից այդ նպատակով հատկացվել էր շուրջ 45 մլն դոլար եւ ավելի քան 4 հազար ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրով էլ 2001-2004 թվականներին շուրջ 6 հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Այսինքն, ընդհանուր առմամբ աղետի գոտու մոտ 30 հազար ընտանիքներ 2000-ականներին լուծել են իրենց բնակարանային ապահովվածության խնդիրը:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում