Կենտրոնական բանկի հրապարակած՝ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները փաստում են, որ ֆինանսների արտահոսքը մեր երկրից աճում է: Խոսքն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված երեւույթի մասին է: Ընդ որում, հրապարակված վերջին երկու ամիսներից հատկապես օգոստոսին այս տարվա ամենաբարձր արտահոսքն է արձանագրվելՙ 157 մլն դոլար:
Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբերին, ապա բանկերի միջոցով դրամական փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 67 մլն դոլար: 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում դուրս էր եկել 829 մլն դոլար: Այսինքն, այս տարվա ինը ամիսներին Հայաստանից դուրս է եկել 238 մլն դոլարով ավելի գումար, քան 2018 թ.-ի ինը ամիսներին:
Հակառակ ուղղությամբ՝ արտերկրից դեպի Հայաստան կատարվող փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 1 մլրդ 401 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 279 մլն դոլարի դիմաց: Այսինքն, Հայաստան մտնող գումարները նույնպես աճել են՝ 122 մլն դոլարով: Սակայն Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունը կամ մեր երկիր մտնող գումարի զուտ ներհոսքը նվազել է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 334 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 449 մլն դոլարի դիմաց: Այսինքն, այս տարի նույն ժամանակահատվածում որպես զուտ ներհոսք մոտ 115 մլն դոլարով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան անցյալ տարի: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակում է աճել ավելի մեծ տեմպով, քան Հայաստան մտնող գումարների ներհոսքը:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում