Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Հայաստանում հավատում Մամեդյարովին

Դեկտեմբեր 14,2019 10:00

Որպես լրագրող ես հետեւել եմ հայ-ադրբեջանական գրեթե բոլոր հանդիպումներին (բանակցություններին), որտեղ քննարկվում էր Ղարաբաղի խնդիրը՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերից, երբ դեռեւս Խորհրդային Միության ձեւական առկայության պայմաններում Ժելեզնովոդսկում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Տեր-Պետրոսյանը եւ Մութալիբովը՝ Ելցինի եւ Նազարբաեւի մասնակցությամբ: Այս ամբողջ 28 տարվա ընթացքում ես նկատել եմ իրադարձությունների մի ընթացք, որը մշտապես, առանց  բացառությունների կրկնվում է բոլոր նման հանդիպումներից  հետո:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակությունը, կարծես թե, գաղտնի է: Հայկական կողմը մշտապես պահում է դիվանագիտական այս նորմը, իսկ ադրբեջանցի բանակցողները երբեք չեն պահում: Հանդիպումից մի քանի օր անց նրանք հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով՝ «գաղտնազերծելով» բանակցությունները եւ ներկայացնելով դրանք այնպես, ինչպես իրենց է հարմար: Եթե վերանանք տարբեր երանգավորումներից, ապա կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը ցանկացած հանդիպումից հետո հայտարարում է մոտավորապես հետեւյալը. «Մենք բանակցել ենք այն մասին, թե ինչպես է պետք օր առաջ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»: 28 տարի շարունակ այդ, թույլ տվեք ասել, «բլեֆին» հետեւում է հայաստանյան ընդդիմության արձագանքը՝ «ըհը՜, տեսնո՞ւմ եք, թե ինչի մասին էր մեր ապազգային իշխանությունը բանակցում՝ Արցախը ծախում են»: Անցնում են տարիներ, փոխվում են սերունդները, բայց մեր հասարակության մեջ մշտապես հայտնվում են մարդիկ, որոնք կուլ են տալիս այդ խայծը:

Հերթական անգամ նույն սցենարը կրկնվեց Բրատիսլավայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո: Ադրբեջանի արտգործնախարարը «հարցազրույց» տվեց ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը: Հարցազրույց բառը ես չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ լրագրողը ոչ թե հարցեր է տալիս, այլ ժամանակ առ ժամանակ հայկական կողմին մեղադրող բացականչություններ էր արտաբերում: Մամեդյարովի գլխավոր միտքն այն էր, որ նա Մնացականյանի հետ քննարկում էր այսպես կոչված «Լավրովի պլանը»՝ «մադրիդյան սկզբունքների» էապես վատթարացված տարբերակը (մեր տեսանկյունից՝ իհարկե): Եվ այդ «հարցազրույցից» հետո հայաստանյան ներկայիս ընդդիմության արձագանքը նույնպես ավանդական էր՝ «տեսա՞ք, ամեն ինչ բացահայտվեց»:

Թե ինչո՞ւ է Մամեդյարովը նման բան ասել, ես կարող եմ բացատրել այսպես. Ադրբեջանում նախընտրական վիճակ է, եւ այդ երկրի իշխանությունը պետք է ընդգծի իր «անզիջում դիրքը»: Բացառված չէ նաեւ, որ Ադրբեջանի արտգործնախարարին ոգեւորել է նույն Լավրովի հետ վերջին հանդիպումը: Իսկ թե ինչու են մեր քաղաքացիները հավատում Մամեդյարովին՝ այդ հարցի պատասխանը ես չգիտեմ:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ Ալիևներն ու նրանց ենթակաները ստելիս կարմրում են:
    Լեւոն տ-Պետրոսյանը ու նրա ստորադասները, և նրա նրաստորադասների ենթակաները ստելիս չեն կարմրում են:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մեր քաղաքացիները հավատում Մամեդյարովին, որովհետև մեր կողմից ինֆորմացիայի բացակայության պայմաններում վերջինիս խոսքերը ընկալվում են որպես առաջնային տեղեկատվություն, իսկ այդ դեպքում քննադատական մոտեցումը «ննջում» է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031