«Եթե հայկական ֆուտբոլին իմ ձերբակալությունն օգուտ կտա, խնդիր չկա, թող ձերբակալեն»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով իր առանձնատանն այսօր ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարցին՝ «սա քաղաքական հետապնդո՞ւմ է», նա հարցով պատասխանեց. «Օրինակ, ձեր կարծիքով, ի՞նչ է: Ինչի դուք ուզում եք պատահակա՞ն համարել նույն հոդվածը կիրառելը համ իմ, համ Սերժ Սարգսյանի հանդեպ»:
Նկատառմանն ի պատասխան, որ գուցե Հայրապետյանը պատճառած վնասը վերականգնի, նա նշեց. «Բացառվում է, ես գումար երբեք չեմ մուծելու, թող ապացուցեն, որ ես իրականում…այդ բառն էլ լեզուս չի պտտվում ասել: Եթե անգործության կամ սխալ աշխատանքի հետեւանքով վնաս եմ տվել, պատրաստ եմ վերականգնել: Առանց ապացուցելու գումար չեմ տա»: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Հայրապետյանը կասկածվում է հափշտակության համար:
Գործարարը կոչ է անում անմեղության կանխավարկածի մասին չմոռանալ եւ դատավորի դեր չստանձնել. «Հանրապետականների ժամանակ նման բան լիներ, Սերժ Սարգսյանն ամենախիստ պատիժը կտար: Նախկին իշխանությունները լավ էին աշխատում: Ով աշխատում է, նա է սխալներ թույլ տալիս»,-եզրափակեց Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ