Օրենսդիր մարմինը առարկում է իր աշխատակցի հայցի դեմ
Կարինե Հարությունյանն անցյալ տարվա մարտի 14-ից արտամրցութային կարգով ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչի պաշտոնից նշանակվել է տեղեկատվական եւ վերլուծական վարչության վերլուծության եւ հետազոտության բաժնում, որպես ավագ վերլուծաբան:
Ինչպես հայտնել է հայցվորը, «նոր իջեցված պաշտոնում» առաջին անգամ ատեստավորման ծանուցումն առանց համապատասխան հրամանի համարվել է թվով 3-րդը (որը սխալ է), ինչն էական է տվյալ դեպքում, քանի որ չներկայանալու դեպքում նախատեսված է՝ որպես ազատման հիմք»։
2018թ. սեպտեմբերի 27-ին անցկացված ատեստավորման արդյունքների հիման վրա ԱԺ աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի թիվ 3 որոշմամբ որոշվել է, որ Կարինե Հարությունյանը ենթակա է ատեստավորման՝ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով։
Կարդացեք նաև
Հայցվորը վիճարկում է այս որոշումը, հայտնում վարչական դատարանին. «Նշված որոշումը կայացնելիս, իսկ մինչ այդ ատեստավորման ողջ գործընթացն իրականացնելիս արձանագրվել են նյութական եւ ընթացակարգային բնույթի բազմաթիվ էական խախտումներ, որոնք բարձրաձայնել եմ վերադասության կարգով եւ որը մնացել է անհետեւանք»։
Սեպտեմբերի 27-ի ատեստավորման անցկացման մասին էլ հայցվորը ծանուցվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ առանց համապատասխան հրամանի եւ վերապատրաստման, որով ուղղակիորեն խախտվել է ատեստավորման անցկացման մասին առնվազն մեկ ամիս առաջ ծանուցվելու օրենսդրական վավերապայմանը:
Ատեստավորումն իրականացվել է այդ պաշտոնին հայցվորի համապատասխանությունը ստուգելու նպատակով, որը հայցվորը զբաղեցրել է երեք տարուց պակաս (շուրջ վեց ամիս) ժամկետով։
Ըստ հայցվորի ներկայացուցչի. ատեստավորման իրականացմամբ խախտվել են պետական ծառայությունը կարգավորող օրենսդրության բազմաթիվ այլ դրույթների պահանջները։ Մասնավորապես, «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը պետական ծառայողի ատեստավորումը բնորոշում է որպես զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում»։
Միաժամանակ, նույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ «Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով»։
Մինչդեռ, ըստ դատարան ներկայացրած հայցապահանջի. «Ողջամտորեն անհնար է արտամրցութային կարգով նշանակվել բնույթով բոլորովին այլ գործառույթներ, իրավասություն եւ լիազորությունների շրջանակ ենթադրող պաշտոնում եւ ենթարկվել ատեստավորման նշանակումից կարճ ժամանակ անց։ Ասվածին գումարվում է նաեւ հարցատոմսերում ներառված հարցադրումների խիստ վիճահարույց բնույթը, երբեմն նաեւ պատասխանի ծավալների անհարկի մեծ տարբերակումը»։
Հայցվոր-վերլուծաբանի գնահատմամբ, ինքն անիրավաչափորեն զրկվում է սեփական մասնագիտական գործառույթները պատշաճ իրականացնելու լիազորությունից։
Օրենքը սահմանել է հստակ. Պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝ 1) Աշխատակազմի այն պետական ծառայողին, որը միաժամանակ՝ ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները, ինչը նշանակում էր, որ բոլոր այն անձինք, ովքեր որոշակի պետական ծառայության պաշտոն չեն զբաղեցրել երեք տարուց ավելի ժամկետով, ենթակա չեն ատեստավորման։
Մինչդեռ, հայցվորին որոշվել է ատեստավորել այն պաշտոնին իր համապատասխանությունը որոշելու նպատակով, որը բացարձակապես ենթադրում է այլ գործառույթներ ու լիազորությունների շրջանակ։
Դատարանի ուշադրությունն էր հրավիրվել այն հանգամանքի վրա, որ հանձնաժողովի կողմից կայացված որոշման հիմքում դրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու եւ պետական ծառայողի ատեստավորման թերթի ձեւը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ նախագահի որոշման 1-ին հավելվածի 72-րդ կետը, որի համաձայն՝ Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, 2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
Մինչդեռ որոշման հիմքում դնելով հիշյալ կետը՝ հանձնաժողովը չի կայացրել նշված որոշումներից որեւէ մեկը, ինչը դարձյալ ընթացակարգային խախտում է։
2018թ. նոյեմբերի 2-ին պատասխանող ԱԺ-ի կողմից նշանակվել է հերթական ատեստավորում՝ թեստավորման եւ հարցազրույցի ձեւով, դարձյալ առանց որեւէ օրենսդրական պահանջի պահպանման. «Նման խտրական մոտեցման հետեւողական շարունակությունը հայցվորի մոտ ձեւավորում է այն համոզմունքը, որ ստեղծված իրավիճակում պատասխանողի կողմից դրսեւորվում է ամեն հնարավորը հայցվորի եւ պատասխանողի միջեւ աշխատանքային հարաբերությունների ապօրինի դադարման համար։ Նման իրավիճակի դեմ համարժեք պայքարը, բնականաբար, ոչ միայն ենթադրում է հայցվորի համար անբարենպաստ հետեւանքներ առաջացնող հրամանի վիճարկում, այլ նաեւ հայցի ապահովմանը միտված կանխարգելիք, գործողությունների իրականացում, առանց որոնց հնարավոր է ողջամտորեն իմաստազրկվի սույն վիճարկման հայցի ներկայացումը»։
Ըստ պատասխանող ԱԺ նշյալ հանձնաժողովի եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների. «Տվյալ դեպքում, Կարինե Հարությունյանը՝ նախկինում զբաղեցնելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչի հաստիքը, իր՝ գրավոր համաձայնության համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2018 թվականի մարտի 18-ի 457 հրամանով ազատվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչի պաշտոնից եւ արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության հետազոտական եւ վերլուծական բաժնի ավագ վերլուծաբանի պաշտոնում։ Այնուհետեւ, 2018 թ. սեպտեմբերի 27-ին օրենքով սահմանված կարգով նշանակվել է ատեստավորում, որի արդյունքում ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովը միաձայն արձանագրել է, որ Կարինե Հարությունյանը ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով։ Կարինե Հարությունյանը 02.11.2018, 19.11.2018 եւ 23.11.2018 թվականներին նշանակված ատեստավորումներին, որոնց մասին Կարինե Հարությունյանը պատշաճ կերպով տեղեկացվել է (մասնավորապես՝ «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով), սակայն անհարգելի պատճառներով չի ներկայացել։
Կարինե Հարությունյանը հերթական անգամ փորձելով խուսափել ատեստավորումից՝ իր համար ընտրել է ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու միջոցով ատեստավորման ընթացքը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով վիճարկման հայցի վարույթ ընդունելու հիմքով վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, կասեցնելու տարբերակը, մինչդեռ վերոգրյալ դիրքորոշումը համարում է անհիմն հետեւյալ հիմնավորմամբ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ պետական ծառայողի ատեստավորումն անցկացնում է սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ պետական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները»։
Ինչ վերաբերում էր սեպտեմբերի 27-ի իրավախախտմանը, պատասխանող կողմն առարկել էր. «Նշվածն ամբողջությամբ անհիմն է, քանի որ Կարինե Հարությունյանը՝ հանդիսանալով պետական ծառայող, իր ատեստավորումն անցկացվել է փաստաթղթային եղանակով, եւ սեպտեմբերի 27-ին նշանակված ատեստավորման մասին հայցվորը սահմանված կարգով եւ ժամկետում ծանուցվել է նշված ատեստավորման մասին։ Նշանակված փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը միաձայն հայցվորի վերաբերյալ ընդունել է «Ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով» որոշումը։ Այնուհետեւ, օրենքով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի 16.11.2017 թվականի թիվ ՆՈ-07-Ն որոշման հավելված 1-ով հաստատված աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովը որոշել է, որ պետական ծառայողի թեստավորումը եւ հարցազրույցը նույն օրն անցկացնելու մասին, հետեւաբար հայցվորի վերոնշյալ փաստարկները հիմնազուրկ են»:
Այսօր հրապարակվելու է որոշումը. ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2019