Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային համերգներին համերգավար մասնագետի եւ երկու երաժիշտների տանդեմի մասին

Դեկտեմբեր 14,2019 12:00

Ազգային օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում անցկացվող կամերային երաժշտության հերթական երեկոն նվիրված էր գերմանացի կոմպոզիտորների երգաշարերին: Հանդես եկավ ԱՐԷ դուետը: «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Օլյա Նուրիջանյանը նշեց, որ  նորաստեղծ այս դուետը կամերային երաժշտության սիրահար երկու երաժիշտների տանդեմն է: Երկուսն էլ ճանաչված ու ընդունված են մեր հանդիսատեսի կողմից. դաշնակահար Մարինե Կարոյանը նաեւ երաժշտագետ է. նա դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, Մանկավարժական համալսարանում, հիմնադրել ու ղեկավարել է Դիլիջանի միջազգային դպրոցի Երաժշտության բաժինը, ծավալում է համերգային գործունեություն որպես դաշնակահար, հանդես է գալիս նաեւ դասախոսություններով: Իսկ Կիմ Սարգսյանը ջութակահար է, երգիչ: Այդ երկու մասնագիտությունները ներհյուսված են երաժշտի գործունեության մեջ. որպես մեներգիչ բարիտոնին հանդիպել ենք Ազգային օպերային թատրոնի խաղացանկային մեկ-երկու ներկայացումներում,  հանդիսանում է նաեւ թատրոնի նվագախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արտիստ: Անդրադառնալով համերգին, նշենք, որ ԱՐԷ-ի մեկնաբանմամբ հնչեցին Բեթհովենի, Մենդելսոնների եւ Բրամսի ստեղծագործություններից:


Նույնիսկ ներկա չլինելով երեկոյին, որը դուետի չորրորդ բեմելն էր, կարելի էր համոզված լինել, որ բարձրակարգ երաժիշտները կներկայացնեն բարձրարվեստ կատարումներ, ինչում համոզվեցինք: Բայց երեկոն մտածելու, խորհելու երկու առիթ տվեց: Առաջինը՝ հատկապես կամերային համերգներին համերգավար մասնագետի, այս դեպքում՝ երաժշտագետի անհրաժեշտությունն է, նույնիսկ երբ առկա է համերգային ծրագիրը: Օրինակ, երեկոյին հնչեցին Բեթհովենի «Հեռավոր սիրեցյալին» եւ «Ադելաիդե» երգերը, բայց եթե չլիներ համերգավարը՝ Օլգա Նուրիջանյանը, լայն հանդիսատեսը չէր կարող իմանալ, որ «Հեռավոր սիրեցյալին»-ը ընդհանրապես երաժշտության պատմության մեջ առաջին վոկալ ցիկլն է, իսկ «Ադելաիդեն»՝ կոմպոզիտորի 25 տարեկանում գրած, կյանքի օրոք ամենաճանաչված երգը: Կամ՝ նույնիսկ դասական երաժշտարվեստի սիրահար հանդիսատեսին գուցե ծանոթ չեն Ֆելիքս Մենդելսոնի քրոջ՝ Ֆանիի ստեղծագործությունները: Ընդ որում, առաջին անգամ ներկայացվեց Մենդելսոնի 12 երգից բաղկացած ցիկլը եւ, ինչու ոչ, գուցե երաժիշտներն էլ ճշտեցին կամ վերհիշեցին, որ այդ ցիկլում 7-րդ, 10-րդ եւ 12-րդ երգերը Ֆանի Մենդելսոնինն են: Այս առիթով երաժշտագետն ասաց. «Ինչպես ներկայացված շարքում, այնպես էլ ամբողջ կյանքում այս հարազատ հոգիները (նկատի ունի քրոջն ու եղբորը) միմյանց մեջ կիսում էին երաժշտությունը, անդադար նվագում, ստեղծագործում էին, միայն թե Ֆելիքսը հրապարակավ, ինչն իրեն ավելի մեծ ճանաչում բերեց, իսկ Ֆանին՝ մտերմիկ միջավայրում, հարգելով ժամանակի բարքերն ու ընտանեկան օրենքները»: Բրամսի «15 երգ «Հիասքանչ Մագելոնա» շարքից» դուետը ներկայացրեց ընդամենը երեք համար: Երաժշտագետի խոսքերով՝ այստեղ արտացոլված են գթություն աղերսող պատանու, հրաժեշտ տվող մարտիկի, օրորոցային երգող հավատարիմ պահապանի՝ ռոմանտիզմի գլխավոր ասպետ Բրամսի սեփական, իրական ապրումները: Ի դեպ, երգերը կոմպոզիտորը շարադրում է մեծ տեսարանի ձեւով, որտեղ լայն դաշտ է տալիս հատկապես դաշնամուրին: Իսկ Բրամսի համար երգն ամբողջ կյանքում եղել է ցանկալի հանգիստ, խոշոր կտավի ստեղծագործությունների վրա աշխատելուց հետո:

Խորհելու երկրորդ առիթի կապակցությամբ հարց ուղղեցինք Օլյա Նուրիջանյանին՝ ինչպե՞ս է, որ աշխարհում երգարվեստի ոլորտում ընդունված, սպասված ու սիրված են համերգում հնչած գերմանական լիդը (թարգմանաբար՝ երգ), ռուսական ռոմանսը, անգլիական բալլադը, գնչուական ու նեապոլիտանական երգերը, իսկ հայկակա՞ն երգը… Մանավանդ ունենք Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան…  Մեր զրուցակիցը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի կոմպոզիտորական դպրոց ունի իր վոկալ արվեստի ավանդույթները: Հայ երաժշտությունը, մասնավորապես՝ վոկալ արվեստը, ե՞րբ է սկսել առնչվել աշխարհի հետ՝ շա՜տ ուշ եւ ոչ հետեւողական: Եվրոպական հարթակում հայ վոկալ արվեստի, ավելի ճիշտ՝ երգ- ժանրով ներկայացող այն տրամաչափի կոմպոզիտոր քիչ կամ գրեթե չենք ունեցել, որի ստեղծագործությունը հայերենով մատուցվեր ու հանրահռչակվեր»: Երաժշտագետը հավելեց, որ Կոմիտասի ու Մելիքյանի երգ-ժանրում կոմպոզիտորական ու կատարողական բացահայտումները սպասում են իրենց մասնագիտական յուրացմանն ու աշխարհին ներկայացնելուն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031