«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» մրցաշարը, որը կազմակերպել են Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Առաջին անգամ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Երեւանի, Հայաստանի քաղաքների, մարզերի եւ Արցախի ավելի քան ութ տասնյակ ուժեղագույն մարզիկներ: Նրանք վիճարկում են հաղթողներին ու մրցանակակիրներին, որոնց համար սահմանված են դրամական խոշոր մրցանակներ:
Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մրցաշարը կազմակերպված է այն մտայնությամբ, որպեսզի դրա արդյունքներով կազմավորվի Հայաստանի ազգային հավաքականը՝ օլիմպիական թիմը, որը կնախապատրաստվի ինչպես միջազգային պաշտոնական, այնպես էլ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին»:
Մեր հարցին, թե անվանիներից բացակայող բռնցքամարտիկներ կա՞ն, պարոն Հովսեփյանը պատասխանեց. «Երկու հոգի. երկուսն էլ՝ հարգելի. 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք. «Օրեր առաջ ՀԲՖ-ն անցկացրեց Հայաստանի առաջնություն: Դրան մասնակցած բռնցքամարտիկներն այստեղ եւս հանդես գալու իրավունք ունե՞ն, ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց. «Մենք բռնցքամարտիկների մեջ ոչ մի խտրականություն չենք դնում: Ով հայտ ներկայացրել է, ընդգրկվել է «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մասնակիցների ցուցակ, ու հանդիսատեսը նրանց կտեսնի ռինգում»:
Պարոն Հովսեփյանը տեղեկացրեց նաեւ, որ աղջիկներ այս մրցաշարում չկան, որովհետեւ նրանց թիվը նախ քիչ է ու քաշային կարգերում, ըստ էության, մրցակցություն էլ չկա: «Աղջիկներից էլ օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունենք: Նրանք հանդես կգան վարկանիշային մրցաշարերում», եզրափակեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ