«Նախկին համակարգի ու ներկա իշխանությունների հարաբերությունները մեծ հաշվով կարող են երեք ավարտ ունենալ՝ ներկա իշխանությունը փոխում է համակարգը, երկրորդը՝ պարտվում է, և նախկին համակարգը հաղթում է։ Եվ երրորդը՝ ներկա իշխանություններն ու նախկին համակարգը ինչ-որ կերպ ամուսնանում են։ Վերջին երկու տարբերակներն, իհարկե, ամենաանցանկալին են։ Մենք շահագրգռված ենք, որ երրորդ տարբերակը լինի, բայց այդ դեպքում իշխանությունները պետք է նախաձեռնեն համակարգային փոփոխություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պետական համակարգում բարեփոխումների և հեղափոխության նկատմամբ մեծ դիմադրություն կա, ՀԱԿ վարչության անդամը նշում է, թե այդ դիմադրությունը չի նվազելու, հակառակը, ուժեղանալու է, եթե իշխանությունները չնախաձեռնեն համակարգային բարեփոխումներ։
Ա․Մուսինյանը պատասխանեց նաև 1991-2018թթ․ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրման և դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությանը։ «Եթե քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ նման հայտարարություն է անում, հասկանալի է, բայց երբ իշխանությունն է նման հայտարարություն անում, անհասկանալի է։ Ինչո՞ւ։ Որովհետև խոսում են հանցագործության մասին։ Եթե այդպես է, պետք է քրեական գործ հարուցեն։ Մենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմներին, բոլոր ստուգումներին ու հետապնդումների դիմացել ենք, Նիկոլ Փաշինյանի վարչակազմին էլ կդիմանանք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Իհարկե կդիմանաք,դուք ՀՀՇ-ի հետ ոչ մի կապ չունեք,ՀԱԿ-ն էլ իշխանություն երբեք չի եղել..ձեզնից ինչ?պահանջեն…