«Ինձ սկսել են ստուգել, ֆեդերացիայի ինչ-որ փաստաթղթեր են ուզում՝ շինարարական գործունեության հետ կապված: Երեւի նոյեմբերն էր, երբ դեռ ֆեդերացիայի նախագահ էի: Ես նորմալ վերաբերվեցի դրան: Ծիծաղելու աստիճանի տեղեկություն հասավ ինձ, որ սալահատերը հատիկով են հաշվել:
Ոստիկանության 6-րդ վարչությունը չունի հնարավորություն՝ շինարարական ծավալները նման կարճ ժամանակում ստուգելու, յուրացման թիվ հայտնաբերվելու, դատավորի կարգավիճակ ընդունելու եւ ասելու, թե ես հափշտակություն եմ արել»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում քիչ առաջ անդրադառնալով իր առանձնատանն այսօր ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը`մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե ըստ ոստիկանության՝ ինքը, լինելով բանկի եւ կահույքի արտադրամասի սեփականատեր՝ կազմակերպել է մարզադպրոցների նորոգման աշխատանքներ, իսկ ոստիկանությունն էլ տեղեկություններ է ստացել, որ չկատարելով պայմանագրերով նախատեսված ծավալները եւ կեղծ կատարողական ակտեր կազմելով՝ ինքը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար:
«Իսկ եթե պարզվի, որ հափշտակություն չի եղե՞լ…չեմ բացառում, որ սխալներ կարող են եղած լինել: Տարբեր թվեր եմ լսել: Վարչության աշխատակիցների աշխատանքը հարգում եմ, բայց նրանք չունեն մասնագիտական ստուգումների հնարավորություն: Այդ ստուգումները մի տարի տեւելու են, ծավալը շատ մեծ է: Սրանից ի՞նչ հետեւություն անեմ: Արագ, վերեւից հրամանը ստացել են չեզոքացնելու ինձ, քանի որ ամսի 23-ին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են»,-հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ իրավապահներն իր առանձնատուն են եկել օրենքի սահմաններում. «Ինչպես կասեր դասականը՝ ակուռատնի: Որեւէ վատ բան չեմ կարող ասել նրանց արարքների վերաբերյալ: Փաստաթղթեր էին փնտրում՝ ֆեդերացիայի կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ