«Եթե գտնում են, որ ես խլել եմ, պատրաստ եմ՝ իմ տված փողը հետ տվեք, տամ: Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա…ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով իր առանձնատանն այսօր ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է հետ վերցնել իրեն ժամանակին պատկանած «Բջնի» հանքային ջրերի գործարանը, քանի որ գտնում է, որ այն իրենից խլվել է անօրինական:
Ըստ Սուքիասյանի՝ մեկ տարի արդեն գործընթաց է իրականացվում, հարցաքննվածներ կան: Հիշեցնենք, որ 2009թ.-ին «Բջնիի» աճուրդի միակ մասնակիցը եղել է Ռուբեն Հայրապետյանը եւ գնել գործարանը: Մամուլը գրել է, որ կատարվածը քաղաքական հետապնդում էր, որովհետեւ Սուքիասյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերիմներից է:
Ռուբեն Հայրապետյանն այս առնչությամբ նկատեց. «Չեմ կարծում, որ ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի հանդեպ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատճառով: Որքան գիտեմ՝ հարկային ստուգումներ են եղել, հիմա նույն հաջողությամբ ստուգում են «Բջնի» գործարանը: Հիմա ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգո՞ւմ: Պահանջ կա, թող ստուգեն, ամեն ինչ չի կարելի դեմագոգիայի վերածել: Խաչատուր Սուքիասյանն իրականում բողոք է գրել ՀՔԾ-ին այն մասին, թե ես շահութահարկ եւ բնապահպանական հարկ չեմ տվել, հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ստուգում: Մեկ ամսից ավելի է՝ ստուգում են: Այսօրվա խուզարկումը չի վերաբերել գործարանին»:
Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Խաչատուր Սուքիասյանը, որ անընդհատ իր հինն է ծեծում, թե իրեն ճնշել են, խլել են գործարանը…կարելի է մի օր դրան վերջակետ դնել ի վերջո»: Ապա Ռուբեն Հայրապետյանը մի փաստաթուղթ ցույց տվեց, որում նշված են մինչեւ իր կողմից գործարանը ձեռքբերելը տարեկան հարկերը: Սաթիկ Սեյրանյանը նկատեց, որ որոշ տարիներին գործարանը հարկ չի մուծել: Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Նման անօրինական գործողությունների համար բա մի օր պետք է չէ՞ ակտը գրեին: Հոսքագծերն էլ ես եմ փոխել, հեքիաթների չհավատաք: Տանիքներից կաթում էր, կանայք ջրի տակ էին աշխատում, տանիք չկար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ