Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը:
Պաշտպանական կողմը ներկայացրեց մեղադրող դատախազի բացարկի միջնորդություն, դատաստանը հեռացավ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու:
«Անաչառության հետ կապված պաշտպանը խնդիր տեսավ ու միջնորդություն ներկայացրեց: Երբ քննարկվում էր խափանման միջոց կալանքի միջնորդության հարցը, մեղադրողը, դուրս գալով բողոքի սահմաններից, փորձեց բացասական ներկայացնել մեր պաշտպանյալի անձը եւ ասաց՝ որոշակի արտահայտություններ, որոնք կապ չունեին բուն վերաքննիչ բողոքի ու քրեական գործում եղած նյութերի հետ»,- Aravot.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Փաստաբանը չցանկացավ նշել՝ բացասական ինչ արտահայտություններ է հայտնել մեղադրողը:
Կարդացեք նաև
Լեւոն Բաղդասարյանը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկի ժամանակ մեղադրողի հայտարարությանը, թե նիստերից մեկի ժամանակ պաշտպանն ասել է՝ «բոյկոտում ենք», եւ դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ասաց. «Իրականությանը չի համապատասխանում, հերյուրանք է, այդպիսի արտահայտությունն արել է պաշտպաններից Արսեն Մկրտչյանը, բայց ոչ թե պաշտպանյալին է դիմել, այլ հարցը ուղղել է մյուս պաշտպաններին, ականջին շշնջալ չի եղել:
Պաշտպանը, դիմելով մյուս պաշտպաններին հարցրել է՝ որ նման պայմաններում, երբ նախագահող դատավորն անօրինական գործառույթ է իրականացնում, արդյոք չկա՞ անհրաժետություն, որ այլ միջոցներ ձեռնարկենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ