Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրանուշ Դավթյան. «Ես այն հենակն եմ, որի վրա պիտի հենվի սեռական բռնության ենթարկված անձը»

Դեկտեմբեր 13,2019 22:25

Սիրանուշ Դավթյանը հոգեբան է, 21 տարեկան էր, երբ համալսարանական կրթության ավարտման փուլում էր, արդեն որոշումը կայացրել էր՝ պետք է աշխատի բռնության ենթարկված անձանց հետ:

«Հոգեբանության ֆակուլտետում էի սովորում ու մի երազանք ունեի՝ հենց կանանց հետ պիտի աշխատեի: Մագիստրատուրայում հասկացա՝ ուզում եմ զբաղվել այն հիմնախնդիրներով, որն այսօր իմ աշխատանքն է՝ աջակցում եմ սեռական բռնության ենթարկված անձանց: Աշխատանքս շատ ծանր է, դժվար, բայց շատ կարեւոր»,-ասում է Սիրանուշը: Նա արդեն 9 տարի է՝ աշխատում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում»:

Սկզբում դիմադրություն կար, որ պիտի աշխատեր հենց սեռական բռնության ենթարկված անձի հետ, եւ բայց, ինչպես Սիրանուշն է ասում, այն միտքը, որ ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդկանց է աջակցում, որ իր աշխատանքը կենտրոնում կարեւոր է, դիմադրությունը վերացավ: Առաջին աշխատանքային փորձը անչափահասի հետ էր, որը սեռական բռնության էր ենթարկվել:

«Ես այցելու եմ ունեցել, որը դիմել է մեզ աջակցության սեռական բռնությունից 15 տարի անց, այսինքն, սեռական բռնության տրավման մարդուն ամբողջ կյանքում ուղեկցում է եւ աշխատում եմ մարդու հետ այնքան երկար, մինչեւ ինքը կսկսի ավելի բաց նայել աշխարհին: Աշխատում եմ հավասարը՝ հավասարին սկզբունքով: Ես նրանց միշտ ասում են՝ դու մեղավոր չես կատարվածի համար: Սա շատ կարեւոր է բռնության ենթարկված անձի համար, քանի որ այլ միջավայրում նրան հարց են տալիս՝ ինչո՞ւ էիր էդպես հագնվել, ինչո՞ւ գնացիր հանդիպման եւ այլն»,-պատմում է Սիրանուշը:

Շահառուի հետ աշխատելիս Սիրանուշը նույնիսկ կատակի էլ է դիմում, բայց գլխավորն ապրումակցումն է. «Կարեւորում եմ զգալն իմ այցելուին: Ես հաճախ ցույց եմ տալիս, թե այդ պահին, նրան լսելիս, ինչ զգացի, ինչ մտածեցի, բայց չմոռանալով, որ եկել եմ աջակցելու: Ես այն հենակն եմ, որի վրա պիտի հենվի սեռական բռնության ենթարկված անձը, մինչեւ ինքը կարողանա սովորել ինքնուրույն քայլել, իսկ դրա համար քեզ էլ լիքը ուժ է պետք»:

Աշխատանքի ընթացքում ձախողման վախեր էլ են լինում. մտածում է՝ կարո՞ղ է այցելուն այլեւս չգա, կիսատ թողնի, բայց ինչպես ասում է Սիրանուշը, դա էլ մասնագիտական է. «Շատ ցավեցնող տեղի ես կպնում եւ ամեն մարդ չէ, որ պատրաստ է ցավեցնող տեղը մինչեւ վերջ քեզ հետ կիսի, վերապրի: Բայց շատ ուրախանում եմ ու հաղթանակ եմ համարում, երբ մեր այցելուն համաձայնվում է հարցազրույց տալ, դա նշանակում է նրան կարողացել ենք օգնել հաղթահարել տրավման, եւ դա հպարտանալու առիթ է»:

Սիրանուշն ասում է՝ ծնողները ե՛ւ քննադատողն են, ե՛ւ աջակցողը, բայց հայրը, երբեմն, զայրանում է, երբ լրատվամիջոցներով տեսնում է, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հանդեպ ինչ-որ անձինք վատ արտահայտություններ են անում, քննադատում. «Պապան այդ ժամանակ ասում է՝ բայց ի՞նչ են տենց բաներ ասում, ներքուստ նեղվում է, բայց գիտի՝ դա իմ աշխատանքն է, եւ գիտի՝ ես աջակցում եմ մարդկանց»:

Ծնողները, երբեմն, նաև դստերը խորհուրդ են տալիս ավելի թեթեւ աշխատանք գտնել, երբ Սիրանուշն ասենք գիշերը ժամը 2-ին է վերադառնում տուն, որովհետեւ նա մի քանի ժամ մասնակցել է քննչական գործողություններին: Սիրանուշին հաճախ Քննչական կոմիտեից հրավիրում են սեռական բռնության ենթարկված անձի հետ հոգենաբանական աշխատանք կատարելու:

«Իմ աշխատանքը կամ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը չի սահմանափակվում միայն հենց կենտրոնում աշխատելով, գործնականն անձնականից զատելն անհնար է, որովհետեւ դու աշխատանքում քո անձն ես դնում»,-ասում է Սիրանուշը:

Սիրանուշի մասին մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Նյութը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031