«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին՝ 23 տարին ոչ մի համաձայնագրի չի հանգեցրել»,- այսօր Երեւանում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբ» երրորդ նիստում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Ըստ նրա, վերջին շրջանում շփման գծում եւ սահմանին լարվածությունը, թեեւ մի փոքր նվազել է, բայց հաստատուն խաղաղություն դեռ չկա: Մինչդեռ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները ժամանակին հանգեցրել են հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրի:
Դեսպանը պատմական էքսկուրս կատարեց՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը եւ այն ուժով լուծելու փորձը առաջացրեց ԽՍՀՄ-ում առաջին հակամարտությունը: Ըստ բանախոսի, տարիների ընթացքում մոռացվել է, թե հրադադարն ինչպես է ձեռք բերվել: Ինքը կրկին հարկ համարեց հիշեցնել եւ ընդգծել Ռուսաստանի դերը հրադադարին հասնելու գործում. «Ադրբեջանցիներն ամբողջ ժամանակ փորձում էին հասնել ուժային լուծման, բայց հայտնվեցին մի վիճակում, երբ ձմեռային հարձակումը ձախողվեց եւ լուրջ սպառնալիք առաջացավ Տերտերում: Եթե հայերը ճակատը ճեղքեին, Եվլախ դուրս գալը թույլ կտար կտրել Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը»:
Արդյունքում ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, իսկ հետո՝ հրադադարի համաձայնագիրը, որը բանախոսի պնդմամբ, ստորագրվել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, իսկ ավելի ուշ, հաջողվել է համաձայնագրին միացնել նաեւ Հայաստանին: Ըստ Վլադիմիր Կազիմիրովի, դա Հեյդար Ալիեւի քմահաճույքն էր, որը չէր ցանկանում փաստաթուղթը ստորագրել միայն Լեռնային Ղարաբաղի հետ:
Երեկ մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված հարցազրույցը, որում վերջինս պնդում էր, թե բանակցություններում հայկական կողմը ներկայացրել է «Լավրովի պլանը» եւ այսօր, բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և, այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու, այսպես թե այնպես, շարունակել բանակցությունները»:
Կարդացեք նաև
Այս առիթով, լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին»,- ասաց նա:
Հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ պարոն Սողոմոնյանի մտահոգությունները եւ անհանգստությունները շատ են, մանավանդ, որ իրենց թիմում լավ չեն պատկերացնում՝ ո՞րն է հակամարտության կարգավորման՝ գործող իշխանության մոտեցումը, ի՞նչ սկզբունքների շուրջ են տեղի ունենում հանդիպում-բանակցությունները: Բանախոսի համար առավել տարակուսանք է առաջացնում իշխանության բարձրագույն շրջանակներից հնչող պնդումը, որ բանակցություններ չկան: «Այնտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն։ Եթե այդ հերքումներն արագ չեն հետեւում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Նա իշխանությունից պարզաբանումների է սպասում. «Հույս ունեմ, որ դրանք կլինեն հստակ, ոչ թե լիրիկական, ինչը սովոր ենք տեսնել»:
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չէր հասցրել մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը: Լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ծանոթանալ հարցազրույցին, ապա հորդորեց՝ պատասխաններ ստանալ ԱԳՆ-ից:
Հայաստանցի լրագրողները Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցազրույցի առնչությամբ հարցեր ուղղեցին նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: «Ինձ ոչ ոք չի առաջարկել խոսել Լավրովի անունից, իմ ազգանունը Զատուլին է»,- եղավ պատասխանը:
Նա հիշեց, որ տեւական ժամանակ կողմերը խոսում են տարբեր բանաձևերի մասին, մի քանի տարի առաջ, Կազանում տպավորություն ստեղծվեց, որ մենք մոտ ենք պայմանավորվածություններին. «Բայց հետո գործընթացը տապալվեց, ավելին՝ 2016 թվականին եղավ ռազմական սադրանք, գործողություններ: Ես, ի տարբերություն շատերի՝ նշում եմ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր, նա հետաքրքրված է ներկայիս ստատուս-քվոյի ջախջախմամբ հակամարտության գոտում»: Ռուսական կողմի դերակատարությունն, ըստ Դումայի պատգամավորի, այն է, որ կողմերը պայմանավորվեն հարցը լուծել՝ առանց ուժ կիրառելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ