Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրեց ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։
Նա կոչ արեց կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձավ նաև ՍԾՏՀ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրեց հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային տեղեկատվական 23-րդ կոնգրեսի շրջանակներում ՍԾՏՀ բարձր մակարդակի հարակից միջոցառման արդյունքների մասին և ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ անընդունելի են ՍԾՏՀ և առնչվող կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նա մատնանշեց տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։
Արտակ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի «պատանդ» է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ի վերջո բանականությունը և խոհեմությունը կհաղթանակեն և Ադրբեջանը կհանի իրավական հիմքերից զուրկ այդ հավելումը՝ թույլ տալով կազմակերպության համար այդքան կարևոր փաստաթղթի ընդունումը։
ՀՀ ԱԳՆ