Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ներկայացնենք որոշ նկատառումներ։ Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման արդյունքում այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված հրավառության արդյունքում տուժել են նաև շենքի բնակիչներ, վնասվել են մեքենաներ և այլն։
Հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պետք է պահպանել անվտանգության կանոնները, թույլ չտալ անչափահասներին իրականացնել հրավառություն։ Հարկ է նշել, որ հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներից մեկը լռությունը խախտելն է։ Այն որպես զանցանք ներառված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը։
Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։ Ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունն այս հարցում։ Եթե ականատես եք լինում նման անօրինական արարքների, խնդրում ենք անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Բոլոր օրինախախտները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
ՀՀ ոստիկանություն