ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը շատ ուրախ է, որ իր եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Թող ժամ առաջ գործը տանեն դատարան եւ դատարանը որոշի, որ ես մեղավոր եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Բաբլոյանը:
«Ես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր որ որոշել են, որ Արա Բաբլոյանն ինչ-որ բան խախտել է, կարողանան գտնել այդ խախտումը եւ հաստատեն, որ դա ես արել եմ»,-շարունակեց ԱԺ նախկին նախագահը:
Հիշեցնենք, Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արա Բաբլոյանը պնդում է, որ իր գործողություններում իրավական որեւէ խախտում չկա եւ ինքը որեւէ խախտում չի արել. «Կան թղթաբանական, գործառնական փնթիություններ, որոնք առկա են ամեն օր՝ անցյալում, ներկայումս եւ ապագայում ու բոլոր հիմնարկներում, երբ մի բան գրվում-ստորագրվում է, արձանագրվում է մեկ-երկու օր հետո»:
Կարդացեք նաև
Պարոն Բաբլոյանը դա չի արդարացնում, բայցեւ նկատում է՝ որեւէ տեղ չկա հաստատում, որ ինքը հանձնարարական է տվել եւ միտումնավոր է գործել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ