Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տեղեկատվական դաշտում ՌԴ-ն ամենաուժեղն է ներկայացված. Տիգրան Հակոբյան

Դեկտեմբեր 13,2019 16:16

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ուզում է կոտրել կարծրատիպը, թե Հայաստանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանը թույլ է ներկայացված եւ նշաձողն ուրիշներն են զբաղեցնում: Այդ մասին Տիգրան Հակոբյանն ասաց Երեւանում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում:

Հիշեցնենք, հայաստանյան լրատվադաշտում ՌԴ-ի ոչ բավարար ներկայացվածության մասին խոսել էր ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Տիգրան Հակոբյանն իր տեսակետը փաստերով հիմնավորեց՝ ռուսական РТР-ը, Առաջին ալիքը, Կուլտուրան եւ «ՄԻՐ»-ը ունեն հանրապետական ծածկույթ, CNN-ը՝ քաղաքային ծածկույթ ունի: Նույն պատկերն է ռադիոյի դեպքում. բացի ռուսական ռադիոյից, տեղականները հեռարձակում են 70-80 տոկոս ռուսական կոնտենտի հետ: Մրցակիցը միայն RFI-ն է, որի լսարանը նույնպես զրոյի է ձգտում: Ամբողջ Հայաստանում մալուխային ցանցերում հեռարձակվում են 155 ռուսական հեռարձակողներ՝ ամենատարբեր հաղորդումներով՝ մանկականից մինչեւ մշակութային, նաեւ ժամանցային:

«Ես չեմ հասկանում, երբ խոսում են Հայաստանի տեղեկատվական շուկայում ռուսական լրատվամիջոցների ներկայության մեծացման մասին: Այլ հարց է, թե դրանք որքանով են արդյունավետ օգտագործվում»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ երբեմն տեղեկատվությունն անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է: «Մեզ համար անախորժ բաներ ենք լսում, բայց աչք ենք փակում, անգամ՝ երբ խախտվում է Հայաստանի օրենսդրությունը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այլ քննարկման հարց է այդ տեղեկատվության արդյունավետությունը:

Տիգրան Հակոբյանը խոսեց «հայելային հարաբերությունների» բացակայության մասին. Հայաստանում լիցենզավորման ազատ համակարգ է, գործընթացը տեւում է 10-12 օր, մինչդեռ, Ռուսաստանում Հայաստանի Հանրային ալիքից 7 ամիս է պահանջվել՝ թույլտվություն ստանալու համար: Ի դեռ, հեռարձակողին էլ դեռ պետք է գտնել: Ռուսական խոշորագույնն օպերատորներից մեկը հեռարձակման համար տարեկան պահանջում է մոտ կես միլիոն դոլար:

Ըստ նրա, հարթակներ չկան նաեւ ԱՊՀ տարածքներում աշխատելու համար, իսկ Եվրոպայի հետ աշխատում ենք ամբողջ օրը: «Ռուսաստանի հետ շփումներ չկային մինչեւ իմ նշանակումը: Ընդ որում՝ հանդիպումների հասել եմ ընկերների միջոցով: Ռուսաստանցի գործընկերները համաձայնեցին, ես նրանց ուղարկեցի հուշագրի նախագիծը: Անցել է 7 ամիս: Ոչ մի արձագանք չկա: Որովհետեւ այստեղ ռուսական հեռարձակողների համար բոլոր արտոնությունները կան: Իսկ համաձայնագիրը ստորագրելը նշանակում է կամերտոնն այլ տոնի փոխել: Բելառուսում եմ եղել 2 ամիս առաջ: Համաձայնագիրն արդեն իմ սեղանին է: Ես մի քանի օրինակներ էլ ունեմ, բայց հարգում եմ քրեական օրենսգիրքը»,- խոսքը հումորով համեմեց Տիգրան Հակոբյանը՝ ավելացնելով, որ Առաջին ալիքն արդեն 7 տարի չի վճարում հեռարձակման համար, չնայած դա նրա համար կոպեկներ արժե: Հարցը Տիգրան Հակոբյանը քննարկել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, հուսով է լուծում կլինի, քանի որ դեսպանի կողմից փոխըմբռնում կա:

«Պետք չէ ասվածի մեջ հակառուսական հարձակումներ տեսնել: Այդպիսի մտադրություններ չկան: Մենք նպատակաուղղված ենք աշխատելու, բայց ոչ բարեկամության եւ համագործակցության մասին հմայվելու»,- իր խոսքն ավարտեց Տիգրան Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031