Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանը երջանիկ կլինի, եթե առողջապահության ապահովագրությունը ներդրվի

Դեկտեմբեր 13,2019 15:56

«Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի: Անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետեւ, մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն»,-այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի այդ նախագծի մասին:

Ըստ նախարարի, առողջության պարտադիր ապահովագրությունը սոցիալական լուրջ ներդրում է. «Գուցե մենք այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք, բայց սոցիալական ոլորտում լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել, որովհետեւ աղքատության կրճատման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են եւ մարդիկ դիմում են սոցիալական որեւէ կարգավիճակ ստանալու, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»:

 

Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, թե աղքատության հաղթահարման ուղղությամբ նախարարությունն ինչ է արել: Ըստ նրա աղքատության ցուցանիշն արդեն երկու նիշով նվազել է եւ առաջիկայում այդ ցուցանիշը կպահպանվի. «Աղքատության հաղթահարումը միայն սոցիալական ոլորտի խնդիր չէ, մենք մեղմում ենք աղքատությունը եւ սոցիալական նպաստի միջոցով աղքատության խորացումն ենք կանխում, բայց նպաստի եւ աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը շատ ռոմանտիկ է հնչում: Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք աշխատանքի հնարավորություն եւ կարիքի վրա հիմնված ծառայություն մատուցենք: Վստահ եմ, որ մենք աղքատության հաղթահարման ուղղությամբ արդեն արել ենք գործուն քայլեր, շատ ավելի լուրջ արդյունքներ, կարծում եմ, կտեսնենք 2020 թվականին, բայց դա միայն մեկ ոլորտի անելիքը չէ»:

Նախարարը նաեւ ասաց, որ արդեն պատրաստ է նպաստի նոր համակարգը, որը մտածողության փոփոխություն է բերելու: Զարուհի Բաթոյանի խոսքով, նպաստի համակարգում կան տասը տարուց ավելին ընդգրկված ընտանիքներ, որոնք ինչպես աղքատ եղել են, այնպես էլ մնացել են եւ նրանց կյանքի որակը որեւէ կերպ դեպի լավը չի փոխվել:

Աղքատության հաղթահարման ծրագրերից մեկն էլ հետեւյալն է՝ գյուղական վայրերում 1000 ընտանիքի, որոնք ունեն անչափահաս երեխաներ ու աշխատունակ տարիքի են, տրամադրվում են անասուններ:

Նախարարը հայտնեց նաեւ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայությունները վերանայել են, արդեն ունեն նախնական ցանկը, որում ներառված են նաեւ անձնական օգնականի կամ ուղեկցողի ինստիտուտը:

Մանկատան շրջանավարտների համար նախատեսված ծրագրով էլ 300 շրջանավարտի կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր՝ ԲԳՎ-ներ: Այս տարի 30 շրջանավարտ բնակարանը կստանան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031