«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին՝ 23 տարին ոչ մի համաձայնագրի չի հանգեցրել»,- այսօր Երեւանում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբ» երրորդ նիստում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ նրա, վերջին շրջանում շփման գծում եւ սահմանին լարվածությունը թեեւ մի փոքր նվազել է, բայց հաստատուն խաղաղություն դեռ չկա: Մինչդեռ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները ժամանակին հանգեցրել են հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրի:
Դեսպանը պատմական էքսկուրս կատարեց՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը եւ այն ուժով լուծելու փորձը առաջացրեց ԽՍՀՄ-ում առաջին հակամարտությունը: Ըստ բանախոսի, տարիների ընթացքում մոռացվել է, թե հրադադարն ինչպես է ձեռք բերվել:
Ինքը կրկին հարկ համարեց հիշեցնել եւ ընդգծել Ռուսաստանի դերը հրադադարին հասնելու գործում. «Ադրբեջանցիներն ամբողջ ժամանակ փորձում էին հասնել ուժային լուծման, բայց հայտնվեցին մի վիճակում, երբ ձմնեռային հարձակումը ձախողվեց եւ լուրջ սպառնալիք առաջացավ Տերտերում: Եթե հայերը ճակատը ճեղքեին, Եվլախ դուրս գալը թույլ կտար կտրել Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը»: Արդյունքում, ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, իսկ հետո՝ հրադադարի համաձայնագիրը, որը բանախոսի պնդմամբ, ստորագրվել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, իսկ ավելի ուշ, նաեւ հաջողվել է համաձայնագրին միացնել նաեւ Հայաստանին:
Ըստ Վլադիմիր Կազիմիրովի, դա Հեյդար Ալիեւի քմահաճույքն էր, որը չէր ցանկանում փաստաթուղթը ստորագրել միայն Լեռնային Ղարաբաղի հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ