Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի հեճուկս Թրամփի և Թուրքիայի՝ ԱՄՆ Սենատը ճանաչեց ցեղասպանությունը. Ինչ է գրում արևմտյան մամուլը

Դեկտեմբեր 13,2019 13:45

Արևմտյան մամուլը անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:

Մասնավորապես, բրիտանական The Guardian-ը գրում է, թե ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, չնայած ԱՄՆ և Թուրքիայի նախագահների դիմադրությանը, գրում է. «Մինչ այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից՝ խեղդելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, և սպառնում էր երկկողմ հարաբերությունների համար հետևանքներով: Սպիտակ տունը, ցանկանալով չսրել Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները, փորձում էր ձգձգել Սենատի քվեարկությունը»,- նկատում է թերթը:

«Սենատը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին ՝ դատապարտելով Թուրքիային՝ չնայած Սպիտակ տան կողմից դիմակայությանը»,- գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը:

«Հայտնի չէ՝ արդյոք պարոն Թրամփը կմեկնաբանի այս բանաձևը, որը նա պարտավոր չէ ստորագրել, քանի որ այն պարտավորեցնող բանաձև չէ: Սպիտակ տան պատասխանատուները չեն պատասխանել ընդունումից անմիջապես հետո մեկնաբանություն տալու խնդրանքին: Թուրքիայի կառավարությունը նախազգուշացրել է, որ բանաձևի ընդունումը կարող է վնասել Անկարայի և ԱՄՆ-ի հարաբերություններին»,- գրում է թերթը:

«Սենատը երեքշաբթի ընդունեց բանաձև, որը պաշտոնապես ճանաչում է 1915-1923թթ. հայերի զանգվածային սպանությունները՝ որպես ցեղասպանություն, քայլ, որին Թուրքիայի կառավարությունը երկար դիմադրում էր»,- գրում է CNN-ն իր կայքում՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նույնպիսի բանաձև ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում:

«Չորրորդ փորձից Սենատն ընդունեց բանաձև, որով ճանաչում է Օսմանյան Թուրքիայում մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի սպանությունները որպես ցեղասպանություն»,- գրում է մեկ այլ հեղինակավոր թերթ՝ Los Angeles Times-ը՝ հիշեցնելով, որ բանաձևի ընդունումը երեք անգամ Սպիտակ տան պահանջով արգելափակվել էր:

Reuters-ը ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ճանաչումը որակում է որպես «պատմական քայլ, որը զայրացրել է Թուրքիային և հարված է հասցնում Անկարայի և Վաշինգտոնի՝ առանց այն էլ խնդրահարույց հարաբերություններին»:

«Տասնամյակներ շարունակ ԱՄՆ Կոնգրեսում արգելափակվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջոցառումները, ինչը պայմանավորված էր Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ մտահոգություններով և Անկարայի կողմից ակտիվ լոբբինգով»,- գրում է գործակալությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031