Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Մշակել ենք ուսուցիչների չափորոշիչներ»

Դեկտեմբեր 13,2019 13:12

«Ունենք համագործակցության ծրագրեր եվրոպական 4 բուհերի հետ` հայագիտության բնագավառում հետազոտություններ իրականացնելու համար»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նաեւ հայտնեց 2 միջազգային կառույցների կոմիտեների բյուրոյում` Հայաստանի Հանրապետության ընտրվելու մասին, որոնցից մեկը ԵԽ, մյուսը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերի կոմիտեն է:

Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձավ վերապատրաստում իրականացնող կառույցների հավատարմագրմանը. «Երրորդ շուկայում գտնվող տարբեր կազմակերպություններ կկարողանան վերապատրաստումներ իրականացնել արդեն գործող ուսուցիչների համար, եւ այս դեպքում ցանկացած կառույցի հետ համագործակցություն կլինի»:

Ինչ վերաբերում է մանկավարժական կրթությանը, Արեւիկ Անափիոսյանը նշեց. «Մշակել ենք ուսուցիչների չափորոշիչներ, եւ շուտով դրանց հանրային քննարկումները կկազմակերպենք: Ուսուցիչների ստանդարտները 2 նպատակի են ծառայում` մի կողմից ցույց են տալու, թե ինչպիսի մանկավարժական կրթություն պետք է ունենանք, որ ուսուցիչները կարողանան այդ ստանդարտներում ամրագրված որակավորումներն ունենալ, մյուս կողմից դա օգնելու է, որպեսզի արդեն մասնագիտական գործունեության ժամանակ ուսուցիչները պարբերաբար վերապատրաստումներ անցնեն, տեսնեն թե կարիերայի զարգացման եւ աճի ինչ ճանապարհ եւ հնարավորություն ունեն»:

Նա խոսեց նաեւ դպրոցներում դասավանդվող որոշ առարկաների միավորումից, ասաց, որ բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու. «Միջազգային փորձն ասում է, որ առարկաները փոփոխության են ենթարկվում միջինում 25 %-ով»: Մյուս չափանիշն, ըստ Անափիոսյանի, այն է լինելու` տվյալ բովանդակությունն ա՞յս, թե մե՞կ այլ առարկայի շրջանակում պետք է ուսումնասիրվի: Նա օրինակ բերեց. «Համակարգչային գրագիտությունը ինֆորմատիկա առարկայի խնդիր չէ, տարբեր առարկաների միջոցով, երբ տանք հանձնարարություններ, որոնք կպահանջեն, որ համակարգչային տարբեր գործիքների կիրառություն, ապա կիրառման այդ հմտությունը կձեւավորվի»:

Արեւիկ Անափիոսյանն ասաց, որ քննարկում են հումանիտար առարկաների միավորման հարցը, նաեւ էլ տալիս են հնարավորություն, որ բնագիտությունը կարող է դասավանդվել ինչպես մեկ առարկայի շրջանակներում` 7-9-րդ դասարաններում, այնպես էլ առանձին: «Գիտենք, որ այժմ բնագիտական առարկաներից քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունն առանձին են դասավանդվում: Մեր միջազգային գործընկերները, նաեւ տեղի մասնագետներ վստահեցնում են, որ լավագույն դասավանդման մեթոդն այն է, երբ բնագիտությունը մեկ առարկայի շրջանակում է դասավանդվում: Մենք էլ ենք դրա հետ համամիտ, սակայն հաշվի ենք առնում այն, որ այս պահին չունենք մանկավարժական կրթություն, որը պատրաստում է բնագետների: Մեզանում ներկայումս պատրաստվում են առանձնացված մասնագիտություններով մասնագետներ»:

Արեւիկ Անափիոսյանը նաեւ շեշտեց, որ կրթական բարեփոխումների համատեքստում նախատեսվում է մեծ ազատություն տալ դպրոցին եւ մասնավորապես ուսուցչին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031