Այս տարվա հոկտեմբերին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը անցկացվեց Երեւանում, որի արդյունքում ստորագրվեցին մի շարք առանցքային պայմանագրեր՝ Միության համար կարեւոր նշանակություն ունեցող երրորդ երկրների հետ։ Այդ պայմանագրերի արդյունավետության, դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի (որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) եւ անցնող տարվա ընթացքում Միության իրականացրած նախագծերի մասին է պատմում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ «Հայկական ժամանակ»-ին տրված հարցազրույցում։
– Վարորդական իրավունքների եւ գազի գնին վերաբերող հարցերը մնում են ամենաակտուալն ու հաճախակի քննարկվողը։ Ասացեք խնդրեմ, իրականում ինչո՞վ են պայմանավորված գազի գնի տատանումները եւ հնարավո՞ր է արդյոք հասնել այդ խնդրի երկարաժամկետ լուծմանը՝ ՀՀ պարագայում։
– ԵԱՏՄ պայմանագիրը նախատեսում է, որ մենք պետք է ոչ ուշ, քան մինչեւ 2025թ. հունվարի 1-ը ձեւավորենք գազի ընդհանուր շուկա, իսկ մինչ այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով։ Շուկայի ձեւավորման հայեցակարգը եւ գործողությունների ծրագիրը մշակված են եւ նախատեսվում է, որ 2022 թ. կընդունվի նաեւ շուկայի ձեւավորման միջազգային պայմանագիրը։ Ինչ վերաբերում է գազի գնին, ապա անհրաժեշտ է նշել, որ ինչպես յուրաքանչյուր ապրանքի գին՝ այն ձեւավորվում է մի քանի գործոններից, որոնց թվում ամենակարևորներն են արտադրության եւ տեղափոխման ծախսերը։ Տեղափոխման գինը ձեւավորվում է ազգային օրենսդրությամբ նախատեսված սակագների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա։ Վերջերս Երեւանում հաստատեցինք գազի տեղափոխման բնագավառը կարգավորող նորմատիվ- իրավական ակտերի ցանկը, որոնք պետք է նախանշեն ներդաշնակեցման սկզբունքները:
2023 թ. պետք է մշակվեն եւ հաստատվեն գազի միասնական շուկայի մեկնարկը ապահովող հետեւյալ կարեւոր փաստաթղթերը՝ գազատրանսպորտային համակարգերի հասանելիության կանոնները, գազի առեւտրի կանոնները եւ բորսայական առեւտրի կանոնները։ Իր հերթին Հանձնաժողովն ընդունել է բնական մենաշնորհների բնագավառում սակագների ձեւավորման մեթոդաբանություն, որը նախատեսում է գնագոյացման թափանցիկության ապահովում եւ սակագների հաշվարկման ոչ խտրական սկզբունք։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակմանը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ ըստ առկա տեղեկատվության, Ռուսաստանի Դաշնությունը մշակել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է լուծել այս հարցը։ Այժմ հայկական եւ ռուսական կողմերը տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական, մարդու իրավունքների գրասենյակների հարթակներում շարունակում են քննարկումները հարցի լուծման ուղղությամբ։
– 2013–2014թթ. ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի գինը սահմանին կազմել է 189 ԱՄՆ դոլար։ 2015թ. այն նվազեց մինչեւ 165 ԱՄՆ դոլար, այնուհետ հաջորդ տարվա կտրվածքով նվազեց եւս 15 դոլարով՝ կազմելով 150 ԱՄՆ դոլար, իսկ 2019թ. կրկին բարձրացավ մինչեւ 165 ԱՄՆ դոլար։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015թ., եւ գազի գնի նվազումը կապվում էր միությանը անդամակցելու հետ։ Իրականում կա՞ նման նախապայման եւ Միությունից դուրս գտնվող երկրները ավելի խոցելի՞ են գազի գնագոյացման պարագայում, թե՝ ոչ։
– ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, մինչեւ գազի միասնական շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի կնքումը, այսինքն, մինչեւ ամենաուշը 2025 թ., գազի առք ու վաճառքը իրականացվում է երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ սահմանված է գազի գնի որոշակի մակարդակ, որը ի համեմատություն ԵԱՏՄ ոչ անդամ պետությունների, էականորեն ավելի ցածր է։ Օրինակ՝ ԱՊՀ անդամ եւ ԵԱՏՄ դիտորդ հանդիսացող Մոլդովային 2019-ի առաջին եռամսյակում վաճառված գազի գինը կազմել է 235 դոլար՝ 1000 խմ-ի համար, իսկ երրորդ այլ երկրների համար նույն ժամանակահատվածում միջին գինը կազմել է 254 դոլար։
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում