Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովն այսօր քաղաքացիների ընդունելություն է ունեցել, ու մի քաղաքացու բողոք այնպես էր ազդել ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի վրա, որ վերջինս ԱԺ ամբիոն բարձրացավ ու կառավարությանը հորդորեց զբաղվել նրա խնդրով:
Բագրատյանի խոսքով՝ «Քաղաքացին, որը բնակվել է Գուլակյան 95 հասցեում, Մարտի 1-ի դեպքերի մասնակից, ընդվզող, ես իմ հեռախոսի մեջ գրել եմ Արթուր հեղափոխական: Բաբայան Արթուր անուն ազգանունով այդ քաղաքացին,որն իր ընտանիքի հետ ապրել է այդ հասցեում, խլել են այդ տարածքը, ընդամենը փոխհատուցում 1000 քմ-ի դիմաց 5000 դոլար էր արել: Հիմա քաղաքացին օգտվելով հնարավորությունից փոքրիկ մի տնակ է կառուցել, ինքը, երկու անչափահաս աղջիկներն ու կինն ապրում են այնտեղ, ինքնակամ կառույց է: Երկար ժամանակ դիմում է պատկան մարմիններին՝ խնդրելով այդ ինքնակամն օրինականացնել, օրենքի համապատասխան վճարում անել ու այդ փոքրիկ անկյունը կարողանա իր ընտանիքի համար ապահովել՝ չի ստացվում: Խնդրում եմ պատկան մարմիններին՝ Երեւանի քաղաքապետարանին ընդառաջել նման մարդկանց, որոնց շնորհիվ է, որ այսօր այս իշխանությունը ձեւավորվել է»:
Բագրատյանը փոխանցեց, թե ինչ է ասել հեղափոխական Արթուրը. «Ինքն ասում է, որ ես կարող եմ ինքնահրկիզվել, բայց ամաչում եմ, որ իմ պետության անունը էդպես հնչի որեւէ ատյանում: Այսինքն, նաեւ ունի հպարտություն, արժանապատվություն: Խնդրում եմ, քաղաքացուն օգնեք, որպեսզի իր փոքրիկ ինքնակամ կառույցն օրինականացվի: Այսպիսի քայլերով մենք կամրապնդենք իշխանության ու մեր պետականության նկատմամբ մեր ժողովրդի հավատը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ