Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա որ ասում են, թե Թաթան ավելի թանկ է, քան Բրեգովիչը, փաստորեն, ճիշտ են ասում». «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2019 11:22

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանից ճշտեցինք. «Ֆակտորի» ընկերությանը ամանորյա միջոցառումների իրականացման համար՝ ներառյալ Բրեգովիչի համերգը, փոխանցվել է 137 մլն 868 հազար 720 դրամ, որը կազմում է ավելի քան 287 հազար դոլար՝ ճիշտ այնքան, որքան հրապարակվել էր մամուլում։

«Մենք ունենք մի քանի էջի վրա տեխնիկական բնութագիր, այդ ամբողջ ծառայությունների համար ֆիքսված է մեկ գին։ Թե «Ֆակտորի» ընկերությունն այդ ամբողջ ծառայությունների համար կոնկրետ առանձին-առանձին ինչքան գումար է ծախսել, մենք չգիտենք։ Դա պետք է պարզել իրենցից»,- ասաց Կուբատյանը։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ապշել է, երբ լսել է, որ Բրեգովիչին 65 հազար եվրո են վճարելու. «Ես ապշած եմ՝ նախ, որ այդ 900 հազար դոլարի մեջ ընդամենը 65 հազար եվրոն է Բրեգովիչի հոնորարը, որը, ինչպես հասկացա, մտնում է «Ֆակտորիի» ծախսերի մեջ, եւ ենթադրում եմ, որ այնտեղ կան հյուրանոց եւ այլ ծառայություններ, որը ես դեռ չեմ տեսել, բայց ասում եմ՝ ապշած եմ, որ Բրեգովիչի հոնորարն այդքան քիչ է։ Ես Բրեգովիչի մասով որեւէ առարկություն չունեմ, բայց մյուս ծախսված գումարների բացվածքը մենք առաջիկայում կտեսնենք, նոր կհասկանանք։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, որ կառավարության կողմից տրամադրված 271 մլն դրամն անընդունելի է, ես սա բազմաթիվ անգամներ ասել եմ, եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որովհետեւ ներկայացնել, որ Ամանորը Երեւանում հրաշալի է լինելու, եւ մարզերից գալու են, ամենեւին այդպես չէ։ Դա ընդամենը մեկ անձի շուրջ ձեւավորված միջոցառում է։ Ինչպես ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, եւ ավագանու մնացյալ անդամներն էլ տարածում էին, դա «Նիկոլ Փաշինյանին տեսնելու եւ Ամանորի գիշերը մեծ ընտանիք կազմելու» համար է»։

Կապվեցինք նաեւ «Ֆակտորի փրադաքշն» ընկերության հետ՝ հասկանալու, թե ի վերջո որքան արժե Բրեգովիչի համերգը, սակայն մեզ ասացին, որ ընկերությունն աշխատում է գերծանրաբեռնված, նրանց տասնյակ լրատվամիջոցներ են դիմում՝ տարբեր հարցերով, եւ միայն գրավոր հարցման դեպքում կփորձեն ընթացք տալ։

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ ասաց, որ չի հավատում այդ թվին։ «Ես չեմ հավատում 65 հազար եվրո թվին, դա բացառված բան է։ Բրեգովիչն այսօր աշխարհում ամենաթանկ երաժիշտներից մեկն է։ Ըստ Տիգրան Վիրաբյանի՝ Հայաստան է գալիս 65 հազար եվրոյով՝ մոտ 80 հազար դոլարով, դրան գումարած՝ 10 հոգի հետը մարդ կա, եւ 3 օր մնալու են Երեւանում։ Ինչպես կարող է նման բան լինել։ Երբ ուզում էին Բրեգովիչին հրավիրել Երեւան, տոմսերը սարսափելի թանկ էին, մարդիկ չկարողացան տոմս վաճառել, համերգը հանեցին։ Ես այդ թվին, որպես մարդ եւ քաղաքացի, չեմ հավատում, հարցում եմ արել քաղաքապետարանին, որ ինձ պաշտոնապես պատասխանեն։ Հիմա որ ասում են, թե Թաթան ավելի թանկ է, քան Բրեգովիչը, փաստորեն, ճիշտ են ասում։ Չի կարող Բրեգովիչը 65 հազար եվրո լինել, եթե այդպես է, իրեն ամեն օր կարող են կանչել, ի՞նչ է եղել, մի քիչ հարուստ մարդիկ ծնունդներին ու կնունքներին կարող են Բրեգովիչին կանչել»,- ասաց Առաքելյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031