Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2019 11:17

Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին։ Նախ՝ արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ։ Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում արձանագրվել է հեղուկ գազի շուկայում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ։ Ի դեպ, տեղ էլ կա, որտեղ հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով։ Նկատենք, որ նախկինում հեղուկ գազ օգտագործող վարորդներին մատների վրա կարելի էր հաշվել։ «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ հանրապետությունում ավելացել է այն վարորդների թիվը, որոնք սկսել են օգտագործել հեղուկ գազ։ Նրա խոսքով՝ մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ այն շահագործման համար ավելի նպատակահարմար է, որակյալ է, խնդիրներ չի առաջացնում, մեքենան չի փչանում, քան սեղմված բնական գազ օգտագործելու դեպքում. «Միանշանակ է, որ հեղուկ գազի սպառումը վերջին տարիներին կտրուկ ավելացել է»։ Ապա փոխանցեց, որ Հայաստանում հատկապես վերջին մեկ տարում հեղուկ գազի լցակայանները սնկի պես աճում են։

«Մեկ միասնական գին է դարձել ե՛ւ քաղաքում, ե՛ւ ՀՀ մարզերում։ Կարող եք պտտվել, նայել։ Հեղուկ գազի տարբեր ներմուծողներ կան, շատ է նրանց թիվը։ Հեղուկ գազի շուկայում մրցակցություն կա, այն էլ ինչ մրցակցություն կա։ Դրա համար այստեղ շուկան է գին որոշում։ Բնական գազ չէ, որ ներմուծողը միայն «Գազպրոմ Արմենիա»-ն լինի, ինչ գին դրեց, ու վերջ»,- բացատրեց մասնագետը։

Մ. Տիգրանյանի համոզմամբ՝ Վերին Լարսի հետ կապված խնդիրները (օրերով փակված մնալը կամ երկար հերթերը) չեն կարող ազդեցություն ունենալ հեղուկ գազի շուկայի վրա։ Պատճառն այն է, որ Ռուսաստանից հեղուկ գազ քիչ քանակությամբ է ներկրվում։ «Չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենա, քանի որ Հայաստան մտնող հեղուկ գազի մեծ մասը ներկրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իրաքից։ Իհարկե, Ռուսաստանից ներմուծվող գազն էլ որոշակի քանակություն է մեր հանրապետության շուկայում կազմում, բայց այդքան մեծ չէ եւ չի կարող էական դեր ունենալ գնի վրա»,- նկատեց զրուցակիցը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031