Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգը եւ հեղափոխությունը

Դեկտեմբեր 13,2019 10:00

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց պետական համակարգից՝ արձանագրելով, որ այն, իր ամբողջության մեջ, դիմադրում է հեղափոխությանը: Որպես զուտ փաստի արձանագրում՝ այստեղ վիճելու տեղ առանձնապես չկա՝ կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համամիտ է Փաշինյանի երեկ արտահայտած տեսակետի հետ: Նկատենք, սակայն, որ այդ փաստն արձանագրում է ոչ թե անկախ փորձագետը, դիտորդը կամ մեկնաբանը, այլ այդ նույն համակարգի գլխին կանգնած բարձրագույն պաշտոնյան: Հիշեցնենք, որ նախարարներին, փոխնախարարներին, ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներին, ըստ էության, նշանակում է վարչապետը: Ահա այդ պաշտոնյաներն են, որ պետք է կերտեն հեղափոխության գաղափարները կրող եւ ոչ թե դիմադրող պետական համակարգ:

Եթե վերը թվարկած պաշտոնյաները չեն համապատասխանում այդ պահանջին, ապա, ինձ թվում է, տեղին է բողոքել այդ պաշտոնյաներին նշանակողից: Ի դեպ, պատահական չեմ համարում, որ արդեն գրեթե երկու ամիս է՝ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Պարզ է, որ սովորական ոստիկանը կամ «գեբիստը» կլինի նույն պահպանողական պետական համակարգի ջատագովը, իսկ «ոչ սովորականը» կարող է ժամանակի ընթացքում քաղաքական գլխացավանք առաջացնել:

Իմ պատկերացմամբ՝ պետական համակարգը չի կարող լինել ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական կամ նիկոլական. դա քաղաքականապես չեզոք գործիք է, որը կարելի է օգտագործել հօգուտ կամ ի վնաս հասարակության: Այո, գործիքը ծանր է, դանդաղաշարժ, իներցիոն: Բայց այդ համակարգն առնվազն պետք է հասկանա, թե ինչ է քաղաքական ղեկավարությունն իրենից ուզում: Եթե միակ ուղերձը չգողանալն է, ապա այն հիմնականում կատարվում է (չնայած կան խելապակաս պաշտոնյաներ, որոնք շարունակում են կաշառք վերցնել): Բայց եթե ամեն մի օղակին, ամեն մի բյուրոկրատին հստակ հրահանգ չտրվի, թե ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ նա պետք է փոխվի, կլինի լճացում կամ, որը նույնն է՝ դիմադրություն:

Ինչում է դա արտահայտվում՝ դրա մասին էլ է վարչապետը մասամբ խոսել երեկվա նիստում: Համակարգի տրամաբանությունը բխում է արդեն եղած, փորձված, «յուղած» մեխանիզմից՝ առանց «ատկատների», առանց ՔԿՀ-ներում «զոն նայողների», առանց թփերում պախկված «գայիշնիկների», առանց օլիգարխների «բարեգործությունների» եւ այլ նմանատիպ բաների՝ «տարբերակ չկա»: Եթե այդպես է, ապա չարժեր հեղափոխություն անել: Բայց ես համոզված եմ, որ իրականում «տարբերակ կա»՝ ապրում են. չէ՞, այդ ամենը մերժած զարգացած եվրոպական ազգերը: Պարզապես ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր ազատվել արատավոր «տարբերակներից»: Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը գիտի՞:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Փաշինյանը ամենախելացի, ամենաիմաստուն, ամենաուժեղ, ամենամեծ, ամենաճկուն, ամենագեղեցիկ, ամենաբարակ, ամենազարգացած, ամենակիրթ, ամենապայծառ, ամենաթագավորական ցեղից և …
    Միայն նա գիտի, թե ինչպես կարելի է էշերին ցեխերից դուրս բերել:

  2. Լավատես says:

    Սահմանադրությունում վերպետական ‘քաղաքակիրթ’ օրենքները գերակայվում են ազգային պետական օրենքներից, սա ինքնակամ հանձնվել է նշանակում հաղթող ազգերին, իսկ հանձնվողները երբեք հաղթող չեն դառնում, մենք կարող ենք գնալ հեղափոխական քայլի՝ մեր ազգային օրենքները գերակայել վերպետականներին, բայց դրա դիմաց մեզ հում հում կուտեն դրսի ‘քաղաքակիրթ’ ուժերը, բայց այլ ճանապարհ չի լինում, սա է մեր իսկական հեղափոխությունը արտաքին քաղաքականությունում: Որպեսզի մեզ չկարողանան ուտել, մենք մեր ազգով, մեր իշխանությամբ ու ընդդիմությամբ, մեր սրբերով ու մեր հանցագործներով, մեր լավ ու վատ մարդկանցով, որոնք իրենց միայն հայ են ընկալում եւ ոչ մի այլ ազգ կամ աշխարհաքաղաքացի, մենք բոլորովս պետք է մի շունչ մի մարմին դառնանք, ստեղծենք մեր հայ ազգային սպայակույտը, թե չէ արդեն երկու հազար տարի է այլազգի ‘քաղաքակիրթ’ օրենքներով ենք ապրում ու մի ‘քաղաքակիրթ’ այլազգուց մյուս ‘քաղաքակիրթ’ այլազգու ազդեցության՝ քաղաքական ստրկության տակ ենք գոյություններս պահպանում: Մեր ժողովուրդը ազգ դառնալու համար հասունության քննություն պետք է հանձնի, որ իրավունք ունենա ազգ կոչվելու՝ դա սեփական օրենքների գերակայության համար կռիվ տալն է, այն շատ դաժան, բայց արժանապատիվ կռիվ կլինի եւ միայն հայ համատեղ ուժերով մեր նման ժողովուրդների հետ ուս ուսի տված, որոնք նույնպես ցանկանում ենք ունենալ սեփական ազգ ու սեփական պետություն, պետք է ստեղծենք վերազգային սպայակույտ ու կառույց, որ կարողանանք ոչ միայն պաշտպանվենք այլ վերազգային ուժերից, այլ նաեւ հարձակվենք ու նախահարձակ լինենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031