Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյանի հրավերը դիվանագիտական հաղթանակ էր»

Դեկտեմբեր 13,2019 15:00

«Չեմ կարող գնահատական տալ, չեմ էլ ուզում մեկնաբանել, ընդամենը հրավիրել են` գնացել եւ մասնակցել եմ հանդիպմանը». «Առավոտի» զրուցակիցն է
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած հանդիպումից հետո, Aravot.am-ի հետ զրույցում, «Ազատ Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Արթուր Թովմասյանն ասել էր, որ Արցախի կարգավորման շուրջ վերջին տարիներին քննարկվող «Մադրիդյան սկզբունքներն» այլեւս բանակցային սեղանին չեն: Երեկ, Երեւանում, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ «Մադրիդյան սկզբունքները» այլեւս օրակարգում չեն: «Առավոտը» Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց`վարչապետը մանրամասներ ներկայացրե՞լ էր, եթե «Մադրիդյան սկզբունքները» քննարկման օրակարգում չեն, ապա ինչի՞ շուրջ են հիմա տեղի ունենում հանդիպում-քննարկումները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ «Մադրիդյան սկզբունքները» ոչ միայն այս պահին, այլ ընդհանուր առմամբ քննարկման ենթակա չեն, իսկ այս ընթացքում տեղի ունեցող հանդիպումները Հայաստանի եւ Արցախի պատկերացումները հստակեցնելու մեջ են: «Եթե մենք հրաժարվել ենք «Մադրիդյան սկզբունքներից», ապա դա նշանակում է, որ նոր շեշտադրումներ պետք է լինի եւ այդ շեշտադրումները ՀՀ վարչապետը ներկայացրել է բանակցողներին, համանախագահներին»: Իսկ նոր սկզբունքն, ըստ Արայիկ Հարությունյանի, Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումն է:

Հիշեցնենք, Հայաստանը ոչ թե հրաժարվել է «Մադրիդյան սկզբունքներից», այլ հայտ է ներկայացրել, որ բացատրվեն այդ սկզբունքները, քանի որ ուներ շատ հարցեր եւ չուներ պատասխաններ: 2019-ի մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Քանի դեռ սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում: «Մադրիդյան սկզբունքները», ըստ էության, ճանապարհն են հարցի լուծման, մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, մենք նախապես իմանանք՝ մենք էդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե՞ չէ»: Հիշեցնենք, նաեւ, որ «Մադրիդյան սկզբունքներում» մշտապես շեշտադրվում էին տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման բացառումը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթներում  մշտապես ընդգծել է տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ուժի կիրառման բացառումը: Նախարարը հավանաբար, սպասում է, որ Ադրբեջանից խոսեն ժողովուրդների ինքնորոշման մասին: Իսկ Ադրբեջանում լռում են, ավելի ճիշտ, ռազմական հռետորաբանությունն են շարունակում զարգացնել: Ուշագրավ է, որ համանախագահներն էլ այս հարցում լռություն են պահպանում, դեռ չեն մեկնաբանել «Մադրիդյան սկզբունքները»:

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի հրաժարվում այդ սկզբունքներից, որոնք այդպես էլ չընդունվեցին ոչ հանրային, ոչ էլ քաղաքական շրջանակներում: «Եթե ասում ենք`անընդունելի է, ուրեմն, հրաժարվում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Արայիկ Հարությունյանին հիշեցրեցինք նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը Հայաստանում մեծ ոգեւորություն առաջացրեց: Վերջինս, երկրորդելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե դժվար է պարոն Փաշինյանի հետ չհամաձայնել, որ արցախյան հարցի լուծումը պետք է բավարարի Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների հետաքրքրությունները: Փորձագիտական շրջանակներից կարծիքներ հնչեցին, որ այդպիսով ՌԴ ԱԳ նախարարը փորձում է Հայաստանին եւ վարչապետին սահուն ներքաշել «Լավրովյան պլան», ինչը «Մադրիդյան սկզբունքների» փոխակերպված տարբերակն է: «Բոլորը խոսքի մանիպուլյացիայով են զբաղված: Կա մի հստակ հետեւություն`ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն այն տարբերակով, որը մեզ համար ընդունելի է: Շատ ենք կենտրոնացել դրա վրա, ես ուզում եմ, որ կենտրոնանանք երկրի զարգացման վրա: Առաջիկա տասնամյակում ղարաբաղյան խնդրի լուծում չենք սպասելու, եկեք զարգացնենք մեր երկիրը»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով եկող տարի Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք`իր կարծիքով ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ստեփանակերտում հանդիպեց երեք թեկնածուների` իր, Մասիս Մայիլյանի եւ Աշոտ Ղուլյանի հետ. կոռե՞կտ էր դա, այդպիսով ՀՀ վարչապետն իր նախասիրություննե՞րն էր շեշտադրում: «Չեմ կարող գնահատական տալ, չեմ էլ ուզում մեկնաբանել, ընդամենը հրավիրել են` գնացել եւ մասնակցել եմ հանդիպմանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի`վերջերս Ադրբեջանի առաջին տիկին եւ փոխվարչապետ Մեհրիբան Ալիեւային հղած հրավերից: Տիկին Հակոբյանն ասել էր, որ պատրաստ է իրականացնել Մեհրիբան Ալիեւայի երազանքը եւ հրավիրել էր նրան Արցախ` մուղամ լսելու: Հրավերը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: «Չեմ ուզում արդարացնել կամ քննադատել, բայց տիկին Հակոբյանի խոսքում ես հասկանում եմ` Մեհրիբան, Ղարաբաղում դու կարող ես մուղամ լսել միայն հյուրի կարգավիճակով`ի պատասխան նրա այն գրառման, որ Ղարաբաղում մուղամ ենք լսելու, դրոշ ենք տնկելու: Ինձ համար այդ էր ընկալումը: Սա ավելի շատ արհամարհանք եմ համարել եւ քաղաքական դիվանագիտություն քաղաքական դիվանագիտության հաղթանակ»:

Հիշեցնենք, տարիներ առաջ, Արցախում դրոշ ծածանելու Ադրբեջանի ղեկավարի ցանկությանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր` ճանաչել Արցախը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը ծածանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031