Լրահոս
Օրվա լրահոսը

«Զբոսաշրջային տրանսպորտային ընկերությունները մրցակցությանը չդիմանալով` մասնատման եզրին կկանգնեն»

Դեկտեմբեր 13,2019 14:30

Այս համոզմանն է զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանը

Եկող տարվա հունվարի մեկից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի մի շարք փոփոխություններ, որոնք իրենց հետեւից խնդիրներ են բերելու որոշ ոլորտներում բիզնես գործունեություն ծավալող տնտեսվարողների համար: Խոսքը մասնավորապես` զբոսաշրջային տրանսպորտի հարկմանն է վերաբերում:

«Առավոտի» հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ  եկող տարեսկզբից այդ ընկերությունները լուրջ մարտահրավերի առաջ են կանգնելու: Նրա խոսքով,  զբոսաշրջային տրանսպորտի հարկման խնդիրը լուրջ խոչընդոտ է ոլորտի զարգացմանը:

«2020 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու եւ դադարելու է  արտոնագրային հարկով հարկվելու մեխանիզմը, որով մինչ այդ հարկվում էին տրանսպորտային ծառայությունները` այդ թվում նաեւ զբոսաշրջային: Եկող տարվա հունվարի մեկից այս ոլորտում ծառայություն մատուցող զբոսաշրջային տրանսպորտային ընկերությունները պետք է հարկվեն կամ շրջանառության հարկով կամ ընդհանուր կարգով` ավելացված արժեքի հարկ` ԱԱՀ, շահութահարկ»: Պարոն Ապրեսյանի խոսքով,  տարիների ընթացքում ձեւավորվել է «շատ լավ զբոսաշրջային տրանսպորտային պարկ, զարգացած 5-6 զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններ, որոնք բարձրակարգ ծառայություններ են մատուցում, որի շնորհիվ կարողանում են դիմանալ մրցակցությանը նաեւ օտարերկրյա կազմակերպությունների հետ` անհավասար մրցակցության պայմաններում»:

Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ այդ ընկերությունները կանցնեն շրջանառության հարկի շեմը՝ 115 միլիոն դրամը եւ կդառնան ԱԱՀ եւ շահութահարկ վճարող, ինչի պարագայում նրանց ծառայությունների արժեքը շուրջ 15 տոկոսով կբարձրանա, մրցակցությանն էլ չեն կարող դիմանալ:

«Բացի այդ, դրա հետեւանքով նաեւ համահայկական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջային փաթեթը մոտ 7 տոկոսով կթանկանա, որովհետեւ զբոսաշրջային փաթեթի էական մաս է կազմում տրանսպորտային ծառայությունը: Ե՛վ տուրօպերատորները, ե՛ւ տրանսպորտային ընկերությունները, ե՛ւ ընդհանրապես հայկական զբոսաշրջային արդյունքը գնային մրցունակության առումով կտուժի: Տրանսպորտային ընկերությունները մասնատման եզրին կկանգնեն` մրցակցությանը չդիմանալով եւ նույնիսկ աշխատատեղեր կկորցնեն: Եվ այստեղ կսկսեն գերակշռել վրացական ընկերությունները»,-այսպիսի մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում` կիրառելով հանրային սննդի ծառայությունների փորձը. «Այդ ոլորտում նման փոփոխություն եղավ եւ դա ողջունելի է: Հանրային սննդի ծառայություններին թույլատրեցին, որ եթե գերազանցում են շրջանառության հարկի շեմը` 115 միլիոն դրամը, նրանք կարող են դիմել եւ այդ տարվա ընթացքում մնալ շրջհարկ վճարող: Ճիշտ կլինի, որ այդ փորձը կիրառեն նաեւ զբոսաշրջային տրանսպորտի նկատմամբ»:

Այս դեպքում, ըստ Մեխակ Ապրեսյանի, նրանք կկարողանան դիմակայել մրցակցությանը:

Տուրիզմի ոլորտի մասնագետը մի խնդիր էլ է մատնանշում. «Երբ խոսում ենք միջազգային, միջտարածաշրջանային համագործակցության մասին, մեզ մոտ մի խնդիր էլ կա. Պետական տուրքի մասին օրենքով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների համար սահմանված է պետական տուրք, ինչը բավականին մեծ գումար է: Օրինակ` դեպի Վրաստան մեծ ավտոբուսները յուրաքանչյուր երթի համար 50 հազար դրամ են վճարում, միկրոավտոբուսները` 15 հազար դրամ: Դեպի Ռուսաստան այդ թիվն ավելի է բարձրանում` մեծ ավտոբուսների դեպքում 50 հազարի փոխարեն կրկնակի կամ եռակի, ինչը էապես ազդում է մեր տրանսպորտային ընկերությունների մրցունակության վրա, եւ ընդհանրապես, ծառայությունների մրցունակության վրա: Այդ տուրքը որեւէ հարց չի լուծում ծառայությունների որակի կամ անվտանգության ապահովման եւ կարծես թե զուտ ֆիսկալ նպատակ է հետապնդում, ինչը նույնպես մենք չենք ունենում, այսինքն` դրա օգուտը նույնպես չկա, որովհետեւ դրա արդյունքում պարզապես ծառայությունը չեն մատուցում, այլեւս մրցունակ չեն լինում: Այդ պատճառով մենք առաջարկում ենք  զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունները լիցենզավորել, սահմանել չափանիշներ, պայմաններ, պահանջներ գործունեության նկատմամբ` ապահովելով որակ, անվտանգություն եւ լրացուցիչ ֆիսկալ այդ խոչընդոտները, որոնք անհարկի թանկացնում են մեր զբոսաշրջային ծառայությունները` պարզապես վերացնել»:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում առկա այլ խնդիրներին, Մեխակ Ապրեսյանը նշում է. «Պետք է հստակ կարգավորել դաշտը որոշ գործունեության տեսակների նկատմամբ, օրենքով հստակ չափանիշներ սահմանել: Պետք է լիցենզավորել կամ, առնվազն, ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանել զբոսաշրջային օպերատորի, գործակալի գործունեությունը, հյուրանոցային ծառայությունների, օպերատորի, զբոսավարի եւ ուղեկցորդի գործունեությունը: Այս պահին այդ գործունեության տեսակներն ազատ են եւ եթե, օր առաջ մենք այդ խնդիրները չկարգավորենք, վտանգում ենք գործարար միջավայրը, մրցակցային միջավայրը եւ Հայաստանի իմիջը»:

Պարոն Ապրեսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տուրիզմի ոլորտում աճող պահանջարկին զուգահեռ ավելանում են անբարեխիղճ տնտեսվարողները, որոնք հարկեր չեն վճարում, աշխատողներ չունեն, ցածրորակ ծառայություններ են մատուցում` խաթարելով մրցակցային միջավայրն ու Հայաստանի վարկանիշի վրա էական բացասական ազդեցություն թողնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031