Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը նաեւ դատական երկրորդ ատյանում

Դեկտեմբեր 13,2019 14:00
Tigran Hayrapetyan

Նրան երեք օրով ձերբակալելն ապօրինի էր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 21-ին հաստատել էր, որ նախաքննական մարմնի կողմից լրագրող Ս. Մարտիրոսյանին 3 օր ԱՆ ՁԱՊՎ պահելով՝ խախտվել է ՀՀ Սահմանդրության 27-րդ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը:

Ս. Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ «Անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եւ դատական ծախսի բաշխման պահանջի մասին» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մասնակի: Դատարանը վճռել էր Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ս. Մարտիրոսյանի բռնագանձել 600.000 ՀՀ դրամ՝ որպես անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եւ 150.000 ՀՀ դրամ էլ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Չիլինգարյան, Ա. Սմբատյան եւ Մ. Հարթենյան կազմով, հրապարակեց իր որոշումը. 2019թ. հուլիսի 8-ի վճռի դեմ Հայաստանի Հանրապետության անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել` նշված վճիռը թողնելով անփոփոխ։

Հետաքննող լրագրող Ս. Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 13-ին դատարանը լրացուցիչ վճիռ կկայացնի՝ կապված փաստաբանի գումարի հաշվարկի հետ:

Լրագրողը որպես վկա այլեւս կարճված քրեական գործով ցուցմունք էր տվել, որ բացի լրագրող լինելուց, աշխատել է նաեւ միջազգային կազմակերպություններից մեկում, կատարել է թարգմանություններ անգլերեն լեզվով։ Անցյալ տարի հուլիսին նա բերման է ենթարկվել: Ս. Մարտիրոսյանին փոստային բաժանմունքից զանգել են եւ տեղեկացրել, որ ծրար ունի ստանալու: Գնացել է փոստային բաժանմունք, այնտեղից դուրս գալու պահին, երբ նա դեռ չէր հասցրել բացել ծրարը, դռների մոտ ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Պարզվել է, որ ծրարը Հոլանդիայից էր, ծրարի վրա բացակայել է այն ուղարկողի անունը եւ հասցեն, իսկ ծրարի մեջ եղել է անգլերեն գրված «ծնունդդ շնորհավոր» մակագրությամբ բացիկ, իսկ բացիկի մեջ թղթից ինքնակպչող դրոշմանիշներ են եղել, որոնց վրա եղել է «թմրադեղի որոշակի պարունակություն»:

Հայցվոր լրագրողը, որն ավելի հայտնի է սոցիալական, քաղաքական հրապարակումներով, դատարանին ներկայացրել էր իր ապրումները. «Չնայած Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն, սակայն ոստիկանության գործունեության վրա դա ոչ մի ձեւով չի ազդել, քանի որ բերման ենթարկելու ընթացքում ինքը ոստիկանության կողմից ենթարկվել է հոգեբանական ճնշման, բռնության եւ սահմանված ժամանակից շատ ավել է մնացել, բայց իրեն բաց են թողել եւ այդ ընթացքում մեկ անգամ եկել են իր տուն եւ խուզարկություն են կատարել եւ իր մասին կարծես թե մոռացել են, անգամ այդ ընթացքում ինքը բացակայել է երկրից եւ այդ ընթացքում իրեն որեւէ ձեւով չեն ծանուցել քրեական գործի մասին, եւ անընդհատ ինքը մտածում էր հիմա կգան եւ իրեն կձերբակալեն, բայց լռություն էր, մտածում էր, որ այս ամենը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, թեեւ գիտեր, որ ինքն անմեղ է։ Նոյեմբերին որոշել է առանց իր ընտանիքին, փաստաբանին տեղեկացնելու գնալ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին եւ պարզել՝ արդյոք կարճվե՞լ է քրեական գործը, թե՝ ոչ։ Երբ գնացել է քննչական բաժին, այդ օրը քննիչի ծննդյան օրն էր: Քննիչին խնդրել է վերադարձնել իր անձնական իրերը, քանի որ բերման ենթարկելիս վերցրել էին իր հեռախոսը, բանկային քարտը, սակայն քննիչն ասել է, որ իրեն պետք է ձերբակալեն եւ ինքը հասկացել է՝ կարծես թե ինքը քննիչի ծննդյան օրով վերջինիս համար նվեր լիներ: Իրեն ձերբակալել են, որի մասին ինքը կարողացել է տեղեկացնել իր մայրիկին, փաստաբանին եւ իրեն տեղափոխել են ձերբակալված անձանց պահման վայրը եւ 3 օր մնացել է այդ վայրում, եւ թեեւ տեսականորեն ինքը գիտեր, թե դա ինչ է, սակայն այլ էր իրավիճակն իր համար, եւ ինքը հասկացել է այդ ընթացքում, որ իր մարմինն իրեն չի պատկանում, այսինքն՝ պետական մարմինների ուժային կառույցները նույնիսկ բավարար հիմքեր չունեին անձին ձերբակալելու, զրկելու սահմանադրորեն ամրագրված իրավունքից, բայց միեւնույն է՝ դա ուժային կառույցներն արել են»:

ՀՀ ԱՆ ձերբակալված անձանց պահման վայրից դուրս գալուց հետո նա դիմել էր դատական պաշտպանության՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իր հոգեբանական ապրումների, կտտանքների համար։

Նշեմ, որ նրան անցյալ տարվա նոյեմբերին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նույն օրը քննիչը դիմել է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դատարանը նաեւ մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելը այն հիմնավորմամբ, որ քննիչը չի ապացուցել, որ Ս. Մարտիրոսյանը կարող է խոչընդոտել քննությանը կամ չներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով:

Ըստ փաստաբանի. «3 օր ձերբակալության ընթացքում հայցվորը գտնվել էր փակ խցում: Խցում եղել են անտանելի պայմաններ։ Խուցը ոչ թե եղել է սովորական սենյակ, այլ ավելի շատ այն նմանվել է քարանձավի, քանի որ այդ շինությունը կառուցված է եղել շատ վաղուց եւ այն նպատակով է կառուցված եղել, որ այդ խցում մնացողները տառապեն եւ պատժի ողջ տարրերը զգան:

Հայցվորը 3 օր շարունակ չի կարողացել քնել, քանի որ խցում առկա են եղել տարբեր տիպի միջատներ, որոնք անընդհատ կծել են հայցվորին: Նա 3 օր շարունակ քորել է մարմինը: Այս իրավիճակը բավականին անհարմարություն եւ լարվածություն է առաջացրել, ինչի հետեւանքով հայցվորը կրել է չափից ավելի ֆիզիկական եւ հոգեկան տառապանք: Խուցը բավարար չափով չի տաքացվել եւ խցում օդի ջերմաստիճանը նորմայից զգալի ցածր է եղել»:

Նա հղում է կատարել Եվրոպական դատարանի ՀՀ-ի դեմ կայացրած վճիռներին, մասնավորապես,  «Գասպար Պողոսյանն ընդղեմ ՀՀ-ի», «Արարատ Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի», «Փիրուզյանն ընդդեմ ՀՀ-ի»,  որտեղ դատարանը որպես ոչ նյութական վնասի հատուցում մեկ օրվա համար միջին հաշվով նշանակել է 350 եվրոյի չափ փոխհատուցման գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031