Հարցազրույց արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր
Ծովինար Մովսիսյանի հետ
– Վերջերս դուք մասնակցել եք Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում կայացած «Արվեստի բուհերը միջազգային տարածքում» գիտաժողովին: Մեզ հայտնի է, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում եւ անակնկալի եկանք, երբ ռուսաստանյան լրատվամիջոցներից տեղեկացանք, թե աշխարհի բուհերի վարկանիշային աղյուսակում արվեստի բուհերը գտնվում են վերջին հորիզոնականներում:
– Այո, նման ձեւաչափով գիտաժողով առաջին անգամ էր անցկացվում, նախաձեռնողն էլ Գնեսինների ակադեմիայի գիտական գծով պրոռեկտոր Դինա Կիռնարսկայան էր: Հրավիրված էին շուրջ 50 արվեստի բուհերի ներկայացուցիչներ: Գլոբալիզացիայի եւ բարձր տեխնոլոգիաների մեր ժամանակներում արվեստի բուհերի համար դժվար է մրցակցությունը խոշոր համալսարանական ոլորտի կառույցների հետ: Գիտաժողովի նպատակն էր բարձրացնել այդ խնդիրն ու փորձի փոխանակման միջոցով մշակել չափանիշներ ու չափորոշիչներ, որոնցով արվեստի բուհերը հնարավորություն կունենան մասնակցել ոչ թե իրենցից բեւեռայնորեն տարբեր տեխնոլոգիական բուհերի հետ, այլ գործառույթներով ու առանձնահատկություններով նման հաստատությունների հետ:
Այո, հեղինակային այնպիսի կազմակերպությունների տվյալներով, ինչպիսիք են QS-ը, Շանհայականը եւ մյուսները, արվեստի բուհերը տեղ են գտել վարկանիշային աղյուսակների ներքին հորիզոնականներում:
Կարդացեք նաև
– Դուք ելույթի հնարավորություն ունեցա՞ք:
– Նախ ասեմ, որ գիտաժողովին մասնակցում էին հայտնի փորձագետներ, այդ թվում՝ ֆրանսահայ Ինգա Նշանյանը, որը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Unitwin կրթական ծրագիրը, Լիտվայից Էդուարդաս Գաբնիսը, Սանկտ Պետերբուրգի ITMO հետազոտական կենտրոնի տնօրեն Իլյա Կուֆտիրյովը, Միացյալ Թագավորության QS գործակալության ծրագրերի տնօրեն Զոյա Զայցեւան, Էստոնիայի Երաժշտության եւ դրամայի ակադեմիայի պրոռեկտոր Մարգուս Պարտլասը եւ այլն: Նրանք ներկայացրին ներկայիս վարկանիշային աղյուսակների սկզբունքներն ու մեթոդաբանությունը ու հնարավոր ուղիներ նշեցին արվեստի բուհերին այդ աղյուսակների սանդղակներում ավելի շահեկան դիրք գրավելու համար: Պաշտոնական զեկույցներով հանդես եկան միայն միջազգային փորձագետները: Ընդ որում, նրանց զեկույցները հետաքրքիր էին, բայց կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր էին օրակարգից դուրս քննարկումները: Ես ներկայացրի Երեւանի կոնսերվատորիան ներկա փուլում, մասնավորապես՝ մեր բուհի միջազգային կապերի եւ հեռանկարային ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ գիտական ուսումնասիրությունների միջազգայնացման հետ կապված խնդիրները: Մինչ իմ ելույթը, հունգարացի գործընկերս առաջարկեց ստեղծել նախաձեռնությունների եւ առաջարկությունների զամբյուղ, որը կհավաքի գիտաժողովում հնչած տեսակետները: Շարունակելով այդ միտքը, ես էլ առաջարկեցի, որ Գնեսինների ակադեմիան՝ հանձին պրոռեկտոր տիկին Կիռնարսկայայի, ստանձնի այդ զամբյուղը համակարգելու առաքելությունը, իսկ մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, ներկայացնենք մեր ծրագրերը: Հուսով եմ, որ այն կդառնա մի գործուն հարթակ, որն իր շուրջ կհամախմբի միեւնույն մտահոգություններ ունեցող ստեղծագործական բուհերին:
– Հասկանալի է, որ գիտաժողովի բուն նպատակը միջազգային հարթակում արվեստի բուհերի հեղինակության բարձրացումն է: Բայց համոզված ենք, որ մեր ընթերցողը, այդ թվում մասնագետները, կարդալով հոդվածը, անակնկալի կգան, քանի որ բոլոր ժամանակներում, այսօր էլ, հնչել ու հնչում է այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր երկիր, ազգ, աշխարհին առաջին հերթին ներկայանում է իր մշակույթով…
– Գիտաժողովի ամենակարեւոր բացահայտումն ինձ համար այն էր, որ յուրաքանչյուրս (նկատի ունի արվեստի բուհերի ղեկավարությանը) մեր անհանգստություններում միայնակ չենք: Գիտական գծով պրոռեկտորի այս մեկ տարվա ընթացքում ինքս հաճախ եմ առնչվել արվեստի ձեռքբերումները թվային ցուցիչների միջոցով ներկայացնելու անշնորհակալ գործի հետ: Ու երբեմն էլ եփվելով մեր բուհական համակարգի կաթսայում, թվում էր, թե այդ խնդիրներն անհասկանալի եւ անընդունելի էին միայն մեզ համար: Բայց երբ նույն հարցադրումներով մտահոգությունները բարձրաձայնում էին արտասահմանյան հեղինակավոր արվեստի բուհերի գործընկերներս, համոզվեցի, որ իրավացի են մեր այն պնդումները, թե միշտ չէ, որ արվեստը եւ արվեստագիտությունը հնարավոր է որակավորել թվային կամ տոկոսային ցուցանիշներով: Պարտադիր չէ, օրինակ, արվեստագիտության ոլորտի ուսումնասիրությունները նո՛ւյն հարթակում, նո՛ւյն չափանիշներով գնահատել բնական, տեխնիկական, առավել եւս՝ բարձր տեխնոլոգիաների ասպարեզներում ուսումնասիրությունների հետ:
– Ռուսաստանյան լրատվամիջոցներում գիտաժողովի մասին տեղեկատվության մեջ կարծես հատուկ նշվում էր, թե մասնակից արվեստի բուհերը Բոլոնյան կրթական գործընթացի անդամ են: Մինչդեռ, օրինակ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական հռչակավոր կոնսերվատորիան չի ընդունել այդ ծրագիրը եւ փաստորեն շարունակում է փառահեղ գործել նախկին «ռեժիմով»…
– Իսկապես, Մոսկվայի կոնսերվատորիան չի ընդունել Բոլոնյան համակարգը, բայց դա, ինչպես տեսնում ենք, բնավ չի էլ անդրադարձել բուհի ուսումնական գործընթացին, ուսանողների կամ շրջանավարտների միջազգային հարթակներում գրանցած հաջողություններին եւ միանշանակ Մոսկվայի կոնսերվատորիան առայսօր աշխարհում լավագույններից մեկն է: Ինչեւէ, մենք ընդունել ենք այդ համակարգը, սակայն այսօր մեզ համար կարեւոր է մեր գրեթե մեկդարյա պատմություն ունեցող բուհի հարուստ ավանդույթները՝ կատարողական, ստեղծագործական եւ գիտական ասպարեզներում ունեցած իսկապես ծանրակշիռ ձեռքբերումները պահպանել եւ շարունակել զարգացնել դրանք՝ անկախ նրանից, թե կառավարությունը ինչ կրթական համակարգ է որդեգրել:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2019