Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Օհանյան. «Կարեւորը այս աշխարհում բարի հետք, բարի անուն թողնելն է»

Դեկտեմբեր 13,2019 12:30

Իմ լավ բարեկամը 90 տարեկան է։ Կարծես, երեկ էին նրա վերջին հոբելյանները` 70-ը, 80-ը, 85-ը… Բարեկամությունս գնդապետ, երկար տարիներ Հայաստանի պետավտոտեսչությունում պետի տեղակալ աշխատած, ծագումով լոռեցի Վլադիմիր Օհանյանի հետ նոր չէ։ Մեզ ծանոթացրել է լոռվա աշխարհը, որի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վահագնին նրա ծննդավայրն է։ Դեռ երիտասարդ տարիքում է տեղափոխվել Երեւան, բայց միշտ պահպանել է իր մեծ սերը հայրենի եզերքի նկատմամբ, որի դրսեւորումներից մեկը նրա պարբերաբար հայրենի գյուղ այցելելն է, ուր մինչեւ հիմա պահպանված է հայրական օջախը։ Պատահական չէ նաեւ, որ իր վերջին գիրքը անվանել է «Հայրենի եզերքի կարոտը սրտումս»:

Տարիներ առաջ էր, զանգահարեց Լոռուց, ասաց. «Վահագնիում եմ, մերոնց մոտ եւ ուզում եմ գնալ իմ մանկության ոտնահետքերով»։ Խոստացա, որ մի օր կարող եմ ընկերակցել իրեն… Պետք էր տեսնել ոգեւորված, վերափոխված մարդու, որը ոչ թե քայլում էր, այլ վազում….Իսկ խոսքաշեն Վլադիմիր Օհանյանի ընկերակցությամբ ինձ համար նորովի բացվեց պատմական Վահագնի գյուղը՝ իր սարերով ու ձորերով, անտառներով ու գետակներով, մարդկանցով։ «Ամեն անգամ, երբ իմ ծննդավայր եմ գալիս, մոռանում եմ բոլոր խնդիրները, որ ունենում եմ, որովհետեւ հայրենի եզերքը, Դեբեդի հավերժական խշշոցը նորովի են լիցքավորում, բովանդակավորում իմ կյանքը,- ասում էր Վլադիմիր Օհանյանը,-ու աչքիս առջեւ են գալիս կյանքիս ապրած ու չապրած տարիները։ Կարող եմ ասել, որ ավելի շատ ապրած տարիներ ունեմ»։ Երեկոյան նստում էինք Դեբեդի ափին ու սկիզբ էին առնում զրույցները լոռվա երեւելիների մասին՝ Թումանյանից մինչեւ այն վահագնեցին, ով գիշեր-ցերեկ իր մի կտոր հացն է արարում։ «Մեր գյուղացին միշտ էլ կարողացել է քարից հաց քամել, – շարունակում էր Վլադիմիր Օհանյանը, -հիշում եմ մանկության տարիներս, թե ինչպես էինք բոլորս աշխատում երկաթուղու շինարարությունում, որ հնարավոր լինի տուն-տեղ պահել»։
Տարիներն արագ են անցնում, բարեկամս այսօր 90 տարեկան է դառնում,  զանգահարում եմ։ Ասում է, որ այս տարի չի կարողացել Վահագնի գնալ, բայց շատ կուզենար։ Այնտեղ շատ հանգիստ ու խաղաղ է զգում, որ բավարարում է ողջ տարվա համար։ Իսկ հիմա անցած-գնացած տարիների հետ է, մարդկանց է հիշում, որոնց առնչվել է տարբեր առիթներով։ Ինչպես կարող է  մոռանալ իր համագյուղացի, Հայաստանի երկար տարիների ղեկավար Անտոն Քոչինյանին եւ նրանց գերդաստանը, որոնք արարող, ստեղծող մարդիկ էին եւ  բարի անուն, ու համբավ են թողել։ «Կարեւորը այս աշխարհում բարի հետք, բարի անուն թողնելն է, որը ինձ համար գործելակերպ ու սկզբունք է եղել ողջ կյանքում»,- ավարտում է իր խոսքը 90-ամյա կյանք ապրած Վլադիմիր Օհանյանը։

Մեզ մնում է շնորհավորել վաստակաշատ ու միշտ բարի  հետք  թողած մարդուն, ցանկանալ երկար տարիների կյանք եւ ամեն տարի այցելություն հայրենի Լոռի։

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական

միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
12.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031