Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ «բարի» Քոչարյանը

Դեկտեմբեր 13,2019 12:00

Չպետք է մոռանալ, որ Քոչարյանն այսօր քաղաքականությամբ է զբաղվում, որպեսզի փրկվի բանտարկությունից

Անցյալ ամսվա վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերական հարաբերություններին։

Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»։

Պեսկովը չէր մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու թեման։ Նա նշել էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, եւ հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։ Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես եւ դա պետք է լիներ մեր երկու երկրների միջեւ»,-ասել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակը։ Պեսկովը հավելել էր նաեւ, որ 2020-ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Հոկտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։

Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքն այնքան էլ գոհ չեն նրա «պաշտպանական» գործողություններից եւ այն հանգամանքից, որ ՌԴ նախագահ Պուտինը շփումների մեջ է Հայաստանի վարչապետի հետ, ծրագրվում են նոր հանդիպումներ, իսկ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Քոչարյանը հարցազրույց է տվել, եւ դատելով նրա հարցազրույցի տոնայնությունից, նա Պուտինից առանձնապես նախաձեռնողականության ակնկալիքներ չունի, իսկ Արեւմուտքից էլ՝ «Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են եւ արագանում են միայն խոշտանգումների եւ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում», -նկատում է Քոչարյանը:

Հայաստանում իր տասնամյա իշխանության տարիներին բացառիկ «բարությամբ» օժտված նախկին նախագահ Քոչարյանի պատկերացմամբ՝ ձեւավորված են հետեւյալ երեւույթները. «Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ», «կոռուպցիայով կեղտոտված դատավորները եւ դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին», «…այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի», «իրավական ամենաթողություն», Հայաստանի բնակչությունը «ավելի չարացած է, քան պատերազմից ավերված Իրաքինը»: Նա մեծահոգաբար չի «նստեցրել» Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ ամբողջ վերնախավին, քանի որ համարել է, որ՝ «պետք է ապագա կառուցել»:

Այս ամենն ասում է «բարի» Քոչարյանը, որի իշխանավարման տասը տարիներին Հայաստանում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ են առեղծվածային պայմաններում սպանվել, Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 է տեղի ունեցել, լրատվամիջոցներ են փակվել, իրավապաշտպաններ են ծեծվել, ընդդիմության հանրահավաքներում խաղաղ ցուցարարներ են ծեծվել ու հետապնդվել, նախագահական երկու ընտրություն է կեղծվել, երկրի դատական համակարգը՝ ՍԴ-ով հանդերձ, ենթարկվել է «միակ տղամարդու» քմահաճույքներին կամ հրահանգներին:

Առհասարակ, երբ մարդը անազատության մեջ փորձում է պայքարել իր ազատության համար՝ դա միանգամայն հասկանալի է: Բայց չպետք է մոռանալ մի շատ կարեւոր հանգամանք եւ տարբերություն՝ Քոչարյանը քաղաքականությամբ է զբաղվում, որպեսզի փրկվի բանտարկությունից, եթե այս իշխանությունները Մարտի 1-ի գործով առաջ ընթանալու ցանկություն չհայտնեին, գուցե, հնարավոր է, Քոչարյանը Հայաստան էլ չվերադառնար:

Անկախ նրանից, թե որքանով է ուժեղ Մարտի 1-ի ապացուցողական բազան՝ 10 անմեղ զոհերի բացահայտման հարցում, պետք է արձանագրենք մի բան. Քոչարյանը այն ղեկավարն է, որը դեռ որեւէ անգամ ներողություն չի խնդրել իր իշխանավարման ժամանակ խաղաղ բազմաթիվ հանրահավաքներում ցուցարարների ծեծի, ընդդիմադիրների կուսակցություններում ջարդուփշուրի ու այդ խաղաղ ցույցերում իրականացված մարտիմեկյան 10 սպանությունների համար: Ահա, այսպիսի բացառիկ «բարություն» պետության քաղաքացիների նկատմամբ, որոնց նա 10 տարի կառավարել է:

Այսօր մոդայիկ է դարձել խոսել ատելության դոզայի անընդունելի լինելու մասին: Բայց ոչ ոք չի ցանկանում անդրադառնալ մի հարցի՝ եթե չլիներ այդ ատելությունը, 2018թ. գարնանը Հայաստանում Փաշինյանը կարո՞ղ էր իշխանափոխություն իրականացնել… Կամ՝ մեկ այլ կարեւոր հարց՝ իսկ ինչո՞ւ էր հասարակությունն այդքան չարացած, ինչի՞ց էր չարացել… Այս հարցի պատասխանը պետք է փնտրեն բոլորը, եւ ամենաշատ՝ Քոչարյանը:

Այժմ դառնանք Արցախին, այնտեղ սպասվող նախագահի ընտրություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այստեղ եւս Քոչարյանը ցույց է տալիս իր «բարության» սահմանները՝ ասելով. «Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»:

Հավանաբար, Քոչարյանն ու իր ընտանիքը ակնկալում էին, որ Արցախի ներկայիս նախագահն ու Արցախի նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներն այս օրերին պետք է Քոչարյանի դատավարության ընթացքում ի պաշտպանություն Քոչարյանի բողոքի ցույցերին ներկա գտնվեին՝ ցուցանակները ձեռքներին բռնած եւ պետք է առնվազն շաբաթը մեկ անգամ հարցազրույց տային ու հանդես գային «գահավիժող» Հայաստանի դրության մասին: Կարծես դա, նրա պատկերացմամբ՝ Հայաստանի դիրքերն ավելի ամրացնող ու հզորացնող կլիներ:

Հայաստանի ու Արցախի միջեւ պատնեշ դնելու, հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրելու իրեն հատուկ ձիրքով եւ բնատուր «բարությամբ» Քոչարյանը ի ցույց է դնում այդ պառակտմանը հասնելու ողջ «հմայքը»: Դրա հետեւանքներն, ի դեպ, այսօր արդեն իսկ տեսնում ենք համացանցում. Մարդիկ՝ Արցախի ձայնը պետք է լսելի դառնա բանակցային գործընթացում, Արցախը պետք է վերականգնվի բանակցային ձեւաչափում հայտարարությունների տակ տեսնում են աշխարհացունց դավադրություններ:

Այստեղ իսկապես հարցեր արժե ուղղել այսօրվա իշխանություններին՝ ինչպե՞ս է լսելի դառնալու Արցախի ձայնը եւ ինչպե՞ս է ներկայացվելու Արցախը բանակցություններին՝ որպես ինքնորոշման ձգտող հանրապետությո՞ւն, թե՞ «Ղարաբաղի հայկական համայնք», ինչպես կարող է դա ներկայացնել պաշտոնական Բաքուն: Բայց այսօրինակ հարցադրումները հիմք չեն, որպեսզի քարոզչական բնույթի, առանց տրամաբանելու նման վանկարկումներ արվեն՝ «փրկե՛ք, արթնացե՛ք, Արցախը ծախում են»:

Մեղրին սակարկությունների առարկա դարձրած, Արցախին բանակցությունների սեղանից հեռացրած, 1999թ. նոյեմբերին առանց վերապահումների ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի փաստաթղթերում տարածքային ամբողջականության սկզբունքի տակ ստորագրած Քոչարյանն ու նրա պաշտպանները կարող են ամեն ինչից խոսել, բացի Արցախի հայանպաստ քաղաքականության մասին դասեր տալուց: Այս գործով կարող են եւ խիստ անհրաժեշտ է, որպեսզի զբաղվեն ու խոսեն բոլորը՝ բացի Քոչարյանից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Այս ամենն ասում է «բարի» Քոչարյանը, որի իշխանավարման տասը տարիներին Հայաստանում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ են առեղծվածային պայմաններում սպանվել,
    ————————————————————————————–
    Էլի հին լեգենդները: Նախ 10նյակներ չկան մի քանի հոգի են:
    Էտ պաշտոնյաները մինչև Քոչարյանի իշխանության գալը կեղեքել են ժողովրդին: Սպանություններով, ռեկետով են զբաղվե ու դարձել են պատասխան վրեժխնդրության զոհ:
    Որ սենց հանդիսավոր գրում են Վազգենի էսինչ զինակիցը սպանվեց, կարելիա մտածել Վազգենը կամ իր զինակիցները տենց հրեշտակի թևերով տղերք էին, մի մրջյուն էլ չէին տորել ու տենց առեղծվածային էտ սուրբ տղերքին սպանեցին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031