Վաղվանից կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմը, որտեղ ներկայացված է Արամ Խաչատրյանի գլուխգործոցի ստեղծման պատմությունը: Ֆիլմում հայ կոմպոզիտորի կյանքից մի փոքր հատված՝ ընդամենը երկու շաբաթ է ներկայացվում, բայց ամբողջական պատկերացում է տալիս Խաչատրյանի էության, նրա հույզերի, ներքին ընդվզումների մասին ու ամենակարեւորը՝ ներկայացվում է, թե ինչ ապրումներ է ունեցել Արամ Խաչատրյանը, որ 8 ժամում գրել է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը: Հենվելով այն փաստի վրա, որ ի սկզբանե Խաչատրյանը չէր պլանավորել «Գայանե» բալետն ավարտել «Սուսերով պարով», դա վերեւից եկող հրամանի արդյունք էր, ռեժիսորին հաջողվում է ընկալելի դարձնել 1942 թվականին Մոլոտով՝ Պերմ տեղափոխված Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տիրող մթնոլորտը, գրաքննությունը, մշակույթի նախարարության մոտեցումները՝ ի դեմս Պուշկովի կերպարի ու ընդհանրապես, կոմպոզիտորին շրջապատող խնդիրներն ու դրամատիկ իրադրությունը: Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը, գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: Նկարահանումներն անցել են ՌԴ-ում եւ Հայաստանում, իսկ թատրոնի ներսի տեսարանները նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում, ընդ որում՝ այն օրերին, երբ մեր երկրում թավշյա հեղափոխություն էր լինում:
Այսօր «Դալմա Գարդեն մոլի» «Սինեմա սթարում» ֆիլմի նախադիտումից հետո Յուսուպ Ռազիկովը լրագրողներին պատմեց Խաչատրյանի կյանքից մի շարք ուշագրավ փաստեր, որոնք գուցե շատերի աչքից վրիպել են՝ նրա կենսագրությանը ծանոթանալիս: Ֆիլմի սկզբում մենք տեսնում ենք հիվանդ, հյուծված կոմպոզիտորին: Ռեժիսորի պատմելով՝ 1942-ի փետրվարին Խաչատրյանն իսկապես խոց ուներ ու ընտանիքին՝ կնոջն ու որդուն գյուղ ճանապարհելուց հետո նա հիվանդանոց է ընկնում եւ այդ հատվածը ֆիլմում տեղ է գտել:
Ֆիլմի տեսարաններից մեկում թատրոնից դուրս գալիս Խաչատրյանի վրա ավազակներ են հարձակվում դանակով: Լրագրողները հարցրեցին՝ իրականում նման բան եղե՞լ է Խաչատրյանի կյանքում, թե՞ դա հորինված է՝ Ռազիկովը պատասխանեց, որ այդ կրիմինալ ենթատեքստի տակ, որպես ֆինալ՝ վերջաբան պետք էր ցույց տալ այն, որ Խաչատրյանը, անգամ զենքի սպառնալիքի տակ ձեռքերը վեր բարձրացրած վիճակում էլի իր երաժշտության հետ է ու պարում է: Խաչատրյանի կյանքի դրվագները Ռազիկովն այնքան մանրամասն էր ուսումնասիրել ու այնպիսի նրբություններ նկատել, որ կարճատեւ ֆիլմի միջոցով նրան հաջողվել է տեղ հասցնել Խաչատրյանի մեծությունը, հանճարը, բացառիկ տաղանդը, ընկերասեր ու մարդասեր տեսակը: Յուսուպ Ռազիկովի խոսքով՝ «Ինձ համար շատ կարեւոր էր, որ ֆիլմը լիներ հենց հայի մասին, ոչ թե ֆրանսիացու կամ հրեայի, որովհետեւ իմ խորթ հայրը հայ էր»: Ռազիկովի երկրորդ հայրը` Լև Հերունցևը, քաղավիացիայի օդաչու է եղել, բորտինժեներ ու նրա միջոցով ռեժիսորը շփումներ է ունեցել հայերի հետ:
Ֆիլմում 39-ամյա Արամ Խաչատրյանի դերում հանդես է գալիս 35-ամյա Համբարձում Քաբանյանը: Նա պատմեց, որ շատ հուզիչ էր իր համար նման պատասխանատու դեր ստանձնելը, բայց անձամբ է գրել Ռազիկովին, պրոդյուսերին, որ հենց իրեն տան այդ դերը. «Ես չգիտեմ ինչքանով է ինձ հաջողվել, բայց ռեժիսորը գովում է: Ներքին ինչ-որ մղում կար ինձ մոտ, դերասանի համար հոգեհարազատ մի բան: Նման հանճարի դեր խաղալը միշտ հետաքրքիր է, բայց դժվար: Ես ինձ հարց էի տալիս՝ կարո՞ղ եմ դա անել, բայց մինչեւ չփորձեի՝ չէի կարող ասել: Ես պատրաստվելու քիչ ժամանակ ունեի, որովհետեւ թատրոնում զբաղվածությունս մեծ է, կինս գնել էր ինձ համար բոլոր օրագրերը, ինձ ողողել գրքերով, ես կարդացի բոլորը, բայց հասկացա, որ պետք է սցենարի մեջ խորամուխ լինել ու հասկանալ, թե ինչ է ուզում սրանով ասել ռեժիսորը: Ես Արամ չեմ դառնա, բայց փոխանցել այն, ինչ ուզում էր ռեժիսորը ինձ համար գլխավոր առաջադրանքն էր: Յուսուպը հրաշաի թիմ էր հավաքել ու նկարահանման ժամանակ սիրո մթնոլորտ էր տիրում: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում էր՝ ես էներգետիկան փոխանցո՞ւմ եմ, քանի որ քիչ խոսքեր ունեի ու հարց էր՝ իմ դեմքը, աչքերը փոխանցո՞ւմ են այն, ինչ պետք է, իսկ Յուսուպն ինձ ասում էր՝ աշխատի՛ր: Նայելուց հետո ինձանից սիրտս չի խառնում, ինչպես ընդունված է թատրոնում ասել, բայց որոշ տեսարաններում ես ինձնից երես կթեքեի: Ինձ համար հեշտ էր, այնուամենայնիվ, աշխատել, որովհետեւ կարողացել էի հասկանալ, թե Յուսուպն ինչ կոնֆլիկտ է ուզում ներկայացնել»:
Ֆիլմում խաղում է նաեւ Արման Նավասարդյանը՝ որպես Խաչատրյանի ընկեր: Կան տեսարաններ, թե ինչպես է նա նվագում սաքսոֆոն, թավջութակ, պատմում դուդուկի մասին: Նրա կերպարը հորինված է, բայց ռեժիսորի խոսքով՝ «կարծում եմ, Արամ Խաչատրյանի կողքին պետք է լիներ նման մեկը, որը փայլուն կատարեց իր դերը: Անհավանական տաղանդավոր մարդ է»:
Նավասարդյանն էլ ասաց. «Շնորհակալ եմ Յուսուպին, որովհետեւ մարդը մեզնից լավ գիտեր Արամ Խաչատրյանին, գիտեր բաներ, որ ես չգիտեի, հետամուտ էր եղել: Մանկությունից եկած հիշողություններ ուներ Հայաստանի եւ հայերի մասին եւ ուղնուծուծով սիրում է հայերին, հայ մշակույթը, Հայաստանը, եւ դրա համար եւս շնորհակալ ենք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իր երկրորդ հայրիկին, բախտներս բերել է, որ կարգին մարդ է եղել, էն տեսակ մարդ է եղել, որ այս մարդը սիրել է Հայաստանը նրա միջոցով»:
Տեսարաններից մեկում կապույտ երկինք է, չորացած ծառի ճյուղեր, որոնք խաչատրյանական երաժշտության տակ ասես պարում են: Բացատրելով այդ դրվագը՝ Ռազիկովն ասաց, որ լավ երաժշտությունը կենդանացնում է ու Խաչատրյանի երաժշտությունը հենց այդպիսին է:
«Սուսերով պար» ֆիլմն արդեն ցուցադրվել է մի շարք կինոփառատոններում՝ ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին, Հարավային Կորեայում «Երաժշտության եւ կինոյի միջազգային փառատոնին»:
Ուշագրավ է, որ Գյումրիում ֆիլմի ցուցադրությունից հետո երկու կանայք մոտեցել են Ռազիկովին ու ասել՝ սա ֆիլմ է, որը պետք է նայի յուրաքանչյուր հայ: Ինչպես պարզվեց, արդեն 15-ից ավելի երկրներից գնել են ֆիլմը ու շարունակում են հետաքրքրվել, սակայն անկախ այդ ամենից, ֆիլմը դիտելուց հետո իսկապես ուզում ես ասել՝ սա ֆիլմ է, որ պարտավոր են դիտել բոլոր հայերը՝ որ երկրում էլ ապրեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ