ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ Բրատիսլավայում հանդիպումից հետո բանակցությունների մի քանի տեսակետ կա. «Մեկն այն է, որ համանախագահները տակավին պնդում են իրենց՝ նախկինում առաջ մղած տեսակետերն այսպես կոչված մադրիդյան սկզբունքների փաթեթի վրա և մյուսը ՀՀ-ի մոտեցումներն են որոշ խնդիրներին, բայց այնտեղ բացակայում է ընդհանուր հայեցակարգը: Պիտի հստակեցնել՝ ինչ է Հայաստանը ցանկանում տեսնել կամ ինչպես հարցը լուծված կհամարի»: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունների մասին, Կիրո Մանոյանն ասաց. «Մեր ԱԳ նախարարն իր ելույթում արտահայտած մտքերում կամ յոթ կետերում, որոնք ՀՀ կողմից կարմիր գծերն էի, մեկ-երկու բան ասաց, որը խնդրահարույց է: Օրինակ, որ պետք է հարցը կարգավորվի Արցախի կամարտահայտության հիման վրա, բայց կարծես այդ կամարտահայտությունը չի եղել: Մենք գտնում ենք՝ Արցախն ու Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է և 1991-ի և 2006-ի հանրաքվեներով և 2017-ի սահմանադրության հանրաքվեով: Անտեսել կամարտահայտության այդ երեք դրսևորումները ճիշտ չի լինի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ՀՀ-ի և Արցախի հանրապետությունների իշխանությունների տեսակետները հարյուր տոկոս նույնական են, Կիրո Մանոյանն ասաց. «Այդ ասելուց հետո չի կարելի պնդել, որ անհրաժեշտ է, որ Արցախը մասնակցի բանակցություններին: Եթե նույն բանն են ասելու, էլ ինչո՞ւ պետք է երկուսն էլ մասնակցեն: Դրա համար պնդում ենք մենք, որ անհրաժեշտ է՝ ՀՀ-ն ունենա հարցի կարգավորման գծով հստակ հայեցակարգ»:
Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել եկող տարվա սկզբին հանդիպել, դա դրական է, բայց թե ինչի մասին են խոսելու, անկեղծ պարզ չէ: Կիրո Մանոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններն այլևս շատ փոփոխություն չեն բերում արտաքին քաղաքականության մեջ. «Նախորդ և այս իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ ոչ թե միայն քայլեր են ձեռնարկում հարցը լուծելու համար, այլև միջազգային հանրությանը որպես վստահելի գործընկեր երևալու հարցում են ջանքեր գործադրում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ