Ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնի հարվածներից տուժած Թագուհի Մանսուրյանն այսօր դատարան էր հրավիրվել: Բանն այն է, որ Թագուհու դեմ հայց են ներկայացրել ամուսնու հայրը՝ Մարտիրոս Մարտիրոսյանը, նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը՝ դատարանից պահանջելով երեխայի հետ շփման կարգ սահմանել: Որպես երրորդ կողմ հայցում նշել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:
Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսնու եւ հարազատների հայցը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի որոշմամբ վարույթ է ընդունվել եւ այսօր այդ գործով առաջին նիստն էր:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի հարվածներից, բռնի արարքներից, սակայն ինքն էր մահացել Վլադիկ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից:
Թագուհի Մանսուրյանն ու նրա հայրը հրաշքով փրկվել էին: Նրանք ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Թագուհին ու նրա հայրը ստացել էին բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ, ինչի հետեւանքով վիրահատվել էին:
Կարդացեք նաև
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում էլ Թագուհու ընտանիքի անդամները կացնի բազմաթիվ հարվածներ էին ստացել: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:
Վլադիկ Մարտիրոսյանն այժմ կալանավորված է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ