«Գնալով Փաշինյանի ասածները Դաշնակցության մասին առնվազն շատ համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ բողոքի ցույցերին, ասել էր, որ նախարարի հրաժարական պահանջելը չի կարող լինել զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժի քմահաճույք:
Կիրո Մանոյանը այս առիթով հորդորեց ճիշտ մեջբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերն ու ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ այսօր ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունի, ասում է, եթե Դաշնակցությունը չանի այսպես կամ այնպես, այսինքն՝ ինքն է որոշում Դաշնակցությունն ինչ անի, կունենա զրո ազդեցություն: Ամեն դեպքում չի էլ ասել, որ մեծ ազդեցություն ունի Դաշնակցությունը»:
Կիրո Մանոյանը, հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Դաշնակցությանն ուղղված քաղաքականությունն, ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 1992-1994-ին, երբ մեր Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից, 1994-ին քայլեր ձեռնարկեց, որ կուսակցությունը փակվի Հայաստանում, մի կողմից ասում էր՝ ՀՅԴ-ն ազգային արժեք է, ափսոս սրանք ինչեր են արել, ճիշտ նույն մոտեցմամբ Փաշինյանն է խոսում: Պիտի բոլորը, նաև վարչապետը հասկանան՝ ցանկություններով չէ, որ պիտի առաջ գնան, այլ պիտի ընդունեն իրականությունը, որ դաշնակցությունը մեկ կազմակերպություն է. հնի-նորի բաներ մեջտեղ նետելը ոչ ոքի էլ օգուտ չի բերելու: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչով գնալով մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ