ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ տարիներ շարունակ ՄԻԵԴ-Հայաստան հարաբերությունները բարդ են եղել եւ, ինքը, լինելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, անհարմարության զգացում է ունեցել, երբ Հայաստանի դեմ հերթական հայցն է ուղարկվել ՄԻԵԴ եւ դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարելու բավական մեծ գումարներ՝ այն դեպքում, երբ արդար դատական համակարգ ունենալու պարագայում մեր երկիրը կկարողանար խուսափել նման վճիռներից:
Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է նաեւ, թե որքան են հայցերն ընդդեմ ՀՀ-ի, եւ որքան են կազմել ՄԻԵԴ վճիռների արդյունքում ՀՀ Կառավարության կողմից առայսօր վճարված գումարները:
Ներկայացնելով գրասենյակի գործառույթները՝ Եղիշե Կիրակոսյանը կարեւորել է ՀՀ օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն ու այդ շրջանակի ընդլայնումը:
Կարդացեք նաև
Նա պարզաբանել է, որ այսօր ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ում առկա է շուրջ 109 հայց, որոնք հաղթահարել են վարույթ ընդունվելու փուլերը: Եղիշե Կիրակոսյանը նկատել է, որ Հայաստանն այն 10 երկրների շարքում է, որոնցից ամենաշատ դիմումներն են ստացվել: Նա պարզաբանել է, որ ոչ բոլոր դիմումներն են ընդդեմ Հայաստանի Հանրապետության. դիմումներն ավելացել են հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Առայսօր ՄԻԵԴ կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված վճիռներով հայցատուներին վճարելու համար սահմանվել է շուրջ 3 մլն 328 հազար եվրո գումարի փոխհատուցում, որից 2 մլն 400 հազար մլն եվրո կազմել է մի գործի առնչությամբ կայացված վճիռը, որը վերաբերել է սեփականության իրավունքի խախտման առնչությամբ ներկայացված հայցին:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ քաղաքացիների գանգատները՝ ուղղված ՄԻԵԴ-ին, հիմնականում վերաբերում են կյանքի եւ սեփականության իրավունքների խախտումներին, քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքին, ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումներին, արդարացի դատաքննության իրավունքի իրականացմանը եւ այլն:
Պատգամավորները հետաքրքրվել են ՄԻԵԴ-ում քննվող մի շարք հայցերի ընթացքով, կարեւորել գրասենյակի հետ համագործակցության խորացումն ու կառույցի աշխատանքների վերաբերյալ օրենսդիր մարմնին հաշվետվության ներկայացումը, ինչը սիրով ընդունել է Եղիշե Կիրակոսյանը:
Քննարկման մասնակիցներն առանձնապես կարեւորել են ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող ինքնասպանությունների եւ սպանությունների կանխմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, անդրադարձել այդ նպատակին միտված եւ օրերս առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությանը:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է ներդնել մեխանիզմ, որի շնորհիվ հայցվորներին վճարվելիք փոխհատուցումները գանձվեն այն սեփականատերերից կամ պաշտոնատար անձանցից, որոնց մեղքով քաղաքացիները վնասներ են կրել եւ ստիպված եղել դիմելու Եվրոպական դատարան:
Եղիշե Կիրակոսյանը հնարավոր է համարել թե այս, թե այլ խնդիրների հետագա քննարկումն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակումը՝ խուսափելու համար ՀՀ-ի դեմ նոր հայցերի ներկայացումից:
ՀՀ Ազգային ժողով